Ուղեգրված 125 քաղաքացիներից՝ 65-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Երեւանի քաղաքապետարան


Ուղեգրված 125 քաղաքացիներից՝ 65-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Երեւանի քաղաքապետարան
Ապրիլ 9 00:24 2020

Փետրվարի 1-ից մինչեւ ապրիլի 6-ը ուղեգրվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոց հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ հաստատվել է թեստը դրական։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը։

 

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնում է, որ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի կողմից բուժհաստատությունների համար գնվել է շուրջ 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար միանվագ օգտագործման բժշկական խալաթներ, 45 հազար բժշկական ձեռնոցներ եւ ախտահանիչ լուծույթներ։

 

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող շուրջ 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի։

 

Քաղաքապետարանը հրապարակել է տեսանյութ, որտեղ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է, որ շտապ օգնությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով՝ առավել եւս հիմա. «Բավականին զգոն ու պատրաստ ենք»։

 

Բժիշկ Հարություն Հարությունյանն էլ այս օրերին բժշկի աշխատանքը համեմատում է պատերազմ գնացող զինվորի աշխատանքի հետ. «Մեր պայքարը վիրուսի դեմ նման է պատերազմի, երբ մարտի դաշտում զինվորը պատերազմում է հակառակորդի դեմ, այս պահին այդ վիրուսը հակառակորդն է»։

 

Երեւանի քաղաքապետարանի հետ զրույցում կոնոավիրուսով վարակման կասկածով մեկուսացված քաղաքացին ասում է, որ աշխատել է կարի արտադրամասում, որտեղ էլ եղել են կորոնավիրուսով վարակակիրներ. «Կոնտակտի մեջ եմ եղել ծնողիս հետ, հիմա նա խնդիր ունի, ստուգել են եւ թոքերի հետ կապված մի թեթեւ պրոցես կա, որը ենթակա է բուժման»։

 

Քաղաքապետարանը հայտնում է, որ Երեւանի պոլիկլինակները դեռ փետրվարից հերթապահում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին. աշխատում են նաեւ ռենտգեն կաբինետները։

 



loading...