Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը

Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը
Ապրիլ 8 09:50 2020

Ապրիլի 3-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապված 168.am-ի հրապարակած տեղեկությունը։

 

Պարզ դարձավ, որ մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը դեպի ԵՄ օդային տարածք։

Տեղեկության պաշտոնական պարզաբանմանը հասարակությունը սպասեց ուղիղ մեկ օր, որը Դանիայում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և կառույցի կողմից ուղղորդվեց մի շարք մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ հետևանքներ կարող են վրա հասնել Հայաստանի Հանրապետության համար տեղի ունեցածի առնչությամբ, այս տեղեկությունների տարափում ինչ ստեր և մանիպուլյացիաներ են դրսևորվե
AntiFake.am-ի ուսումնասիրության արդյունքները Վերջնական որոշումը կլինի մայիսի կեսին
 

AntiFake.am-ը կապվել է Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Ստեֆան Դը Քեյսմեքերի (Stefan DE KEERSMAECKER) հետ։

Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Քեյսմեքերը  AntiFake.am-ին հայտնեց, որ Օդային անվտանգության կոմիտեի նիստը պլանավորված է մայիսի կեսին, ինչը դեռ պետք է հաստատվի։ Այն կարող է տեղի ունենալ վիդեոկոնֆերանսի միջոցով, եթե այդ պահին ֆիզիկական հանդիպում իրականացնելու հնարավորություն չլինի։ Նոր կանոնակարգի ընդունումը տեղի է ունենում նիստից մի քանի օր անց։ «Օրակարգային հարցերը մեկնաբանել չեմ կարող»,-նշել է Քեյսմեքերը։


Խնդրի նախապատմությունը. հուլիսյան ստուգումներ
 

Այսպես, 2019 թվականի հուլիսին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ «EASA»-ն ստուգումներ է իրականացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) և հայաստանյան երկու ավիաընկերությունների՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի և «Atlantis European Airways»-ի մոտ և բացահայտել մի շարք թերություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ում փոփոխություններ կատարելու մասին 2019թ. դեկտեմբերի 9-ի փաստաթղթից։  

EASA-ի ստուգումների և Հայաստանի քաղավիացիայում հայտնաբերված թերությունների արդյունքում Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կանգնել են Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ի Օդային անվտանգության ցուցակում հայտնվելու վտանգի առաջ։


Ինչ է ԵՄ Օդային անվտանգության ցուցակը (EU Air Safety List կամ ASL)
 

2005 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը և Եվրոպայի Խորհուրդն ընդունել են Կանոնակարգ (EC) թիվ 2111/2005-ը՝  Եվրոպական համայնքի տարածքում գործելու արգելք ունեցող ավիափոխադրողների ցուցակի ստեղծման և ավիաուղևորներին այդ փոխադրողների մասին իրազեկելու մասին։

Եվրահանձնաժողովի Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ով հաստատվում է այն ավիափոխադրողների ցուցակը (ԵՄ Օդային անվտանգության ցուցակ), որոնց գործունեությունն արգելվում է Եվրոպական Միության տարածքում։

ԵՄ Օդային անվտանգության ցուցակը ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների ավիափոխադրողների ցուցակ է, որոնք չեն համապատասխանում միջազգային անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Այս ցուցակում ներառված փոխադրողներին արգելվում է թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում, ինչպես նաև դեպի ԵՄ կամ ԵՄ տարածքից։ Այն ավիափոխադրողները, որոնք թռիչքներ չեն իրականացնում դեպի ԵՄ, նույնպես կարող են հայտնվել այս ցուցակում, որպեսզի ԵՄ-ից դուրս ուղևորվող ավիաուղևորները տեղեկացված լինեն դրանց վտանգավոր լինելու մասին։ Եթե երրորդ պետության երկրների անվտանգության վերահսկման մարմինները չեն կարողանում ապահովել միջազգային անվտանգության վերահսկողության կանոնները, նման պետության բոլոր ավիափոխադրողները կարող են հայտնվել ցուցակում։


Ինչ թերություններ են հայտնաբերվել ՔԱԿ-ում
 

Եվ ահա հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը ավիափոխադրողների  շահագործման թույտվությունները թարմացնելիս։ Բացի այդ, ՔԱԿ-ը չի կարողացել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ որոշակի հաճախականությամբ գնահատում է թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը, շարունակական թռիչքներ իրականացնելու համապատասխանության համակարգները և իրականացնում է իր կողմից սերտիֆիկացված ավիափոխադրող կազմակերպությունների սպասարկումը։

Ի լրումն EASA-ի կողմից ստուգումների ընթացքում արձանագրված բացահայտումների, Եվրահանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին նամակով տեղեկացրել է ՔԱԿ-ին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների մոտ հայտնաբերված անվտանգային մի շարք խնդիրների մասին  և ՔԱԿ-ի ներկայացուցիչներին ու «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի անձնակազմին հրավիրել Օդային անվտանգության կոմիտեի լսումներին։

Այս կապակցությամբ հետագայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռևազյանն ասել էր. «Խնդիրը սկսեց նրանից, որ մենք ունենք 3 ավիաընկերություն Հայաստանում. «Արմենիա» ավիաընկերություն, «Atlantis European Airways» և «Տարոն Ավիա»-ն, որոնք դիմեցին ԵՄ-ում չվերթներ իրականացնելու համար, որտեղ վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան Միջազգային քաղաքացիական ավիացիայի հսկողությունը։ «Արմենիա» ավիաընկերությունն անցավ, «Ատլանտիս»-ը անցավ՝ մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն»-ը չկարողացավ անցնել աուդիտը։ Դրա հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել Հայաստանի քաղավիացիայի հսկողության վրա»։

EASA-ից հետո «Տարոն-Ավիա»-ում ստուգումներ էր իրականացարել նաև ՔԱԿ-ը և հայտարարել, որ արձանագրված թերությունների հետևանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն, ըստ ՔԱԿ-ի, «Տարոն-Ավիան» որոշել էր ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել էր ավիափոխադրողի թիվ 049 ՕՇՎ-ի գործողությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

loading...