Հայ երիտասարդները 48 ժամում ախտահանիչ սարք են ստեղծել


Հայ երիտասարդները 48 ժամում ախտահանիչ սարք են ստեղծել
Ապրիլ 7 21:38 2020

Հայ երիտասարդները ախտահանիչ սարք են նախագծել, որը հնարավոր է օգտագործել բժշկական դիմակ, ձեռնոց եւ այլ պարագաներ ախտահանելու համար։

 

Մասնագիտությամբ ֆիզիկոս, fիզմաթ գիտությունների թեկնածու Վաչիկ Խաչատրյանը եւ նրա ընկերը՝ Ամերիկյան համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Թամազյանը, միասին են նախագծել եւ պատրաստել սարքը։

 

«Գրեթե մի շաբաթ առաջ սկսեցինք քննարկել, թե ոնց կարող ենք մեր ներդրումն ունենալ այս իրավիճակում։ Երբ ծանոթացանք, թե ինչեր են անում մարդիկ, այս գաղափարը առաջացավ, որ կարող ենք ուլտրամանուշակագույն լույսով ախտահանում անել, քանի որ այդ պահանջարկը կա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վաչիկ Խաչատրյանը։

 

Երիտասարդները սարքը պատրաստել են Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում 48 ժամվա ընթացքում։

 

«Շատ ոգեւորված էինք գաղափարից, ուզում էինք արագ ստանալ, քանի որ կորոնավիրուսը արագ տարածվում է, գիշեր-ցերեկ աշխատեցինք, սարքը պատրաստեցինք»,- նշեց Վաչիկը։

 

Սարքը պատրաստելու համար օգտագործել են Կոկա-Կոլա-ի սառնարանի տուփ, մնացած մասերը ձեռք են բերել ֆիզիկայի ինստիտուտից։ Առողջապահության նախարարությունից արդեն այցելել են, ծանոթացել սարքին, այժմ քննարկում են սարքի՝ չափսերով ավելի մեծ տարբերակը պատրաստելու տարբերակները։