Աշխարհի 100 ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 400 մլրդ դոլար են կորցրել․ Hurun Institute


Աշխարհի 100 ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 400 մլրդ դոլար են կորցրել․ Hurun Institute
Ապրիլ 7 20:33 2020

Մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը երկու ամսում կրճատվել է 13 տոկոսով կամ ընդհանուր առմամբ 408 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է COVID-19 կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հետևում է Շանհայում գործող Hurun Institute-ի հրապարակած զեկույցի տվյալներից:

 

Ինչպես նշվում է ապրիլի 6-ին հրապարակված զեկույցում, ամենից շատ կորուստներ ($30 մլրդ) է կրել ֆրանսիացի միլիարդատեր Առնո Բեռնարը, որը ղեկավարում է շքեղ դասի ապրանքների արտադրությամբ զբաղվող LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերությունը, որը ներառում է Louis Vuitton, Celine, Christian Dior և Bulgari ապրանքանիշերը: LVMH-ի բաժնետոմսերը երկու ամսում արժեզրկվել են 15 տոկոսով՝ կազմելով 74 դոլար:

 

Amazon-ի արժեթղթերի գլխավոր սեփականատեր Ջեֆ Բեզոսը 9 մլրդ դոլար է կորցրել փետրվար-մարտ ամիսներին, սակայն պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդու դիրքը՝ 131 մլրդ դոլար կարողությամբ:

 

Բացի այդ, նշվում է, որ միևնույն ժամանակահատվածում իր ունեցվածքը 77 տոկոսով (3.5 մլրդ դոլար) ավելացրել է Zoom հեռավար հաղորդակցման հարթակի հիմնադիրը: Zoom ընկերության բաժնետոմսերի արժեքը երկու ամսում 76 դոլարից հասել է 146-ի:

 

Հաջորդիվ մեծ եկամուտ է ունեցել թոքերի օդափոխման և արհեստական շնչառության սարքեր արտադրող Mindray ընկերության սեփականատերը, որի կարողությունը մեծացել է 26 տոկոսով կամ 2.8 մլրդ դոլարով՝ կազմելով 13.5 մլրդ դոլար:

 

Չինաստանը 6 միլիարդատեր է ավելացրել մեծահարուստների 100-յակում, Հնդկաստանը կորցրել է 3-ին, ԱՄՆ-ն՝ 2-ին: Ընդհանուր առմամբ, Hurun ինտիտուսի զեկույցի համաձայն՝ աշխարհում 2816 դոլարային միլիարդատերեր կային: Նրանց թիվը վերջին երկու ամսում կրճատվել է 20 տոկոսով՝ հասնելով 2253-ի: