Բանկերը մեծ պրոբլեմներ են ունենալու, հիմա չենք էլ պատկերացնում, թե չվճարումների ինչ խնդիրների են բախվելու. Կարապետյան


Բանկերը մեծ պրոբլեմներ են ունենալու, հիմա չենք էլ պատկերացնում, թե չվճարումների ինչ խնդիրների են բախվելու. Կարապետյան
Ապրիլ 7 15:48 2020

Ընդհանուր փիլիսոփայություն այն է, որ մենք ուզում ենք մարդկանց վարկավորել իրենց եկամուտները հաշվի առնելով: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց օրենքի համահեղինակներից Վարազդատ Կարապետյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է, որ կարճ վարկերի դեպքում Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Նա հավելեց, որ իրենք կողմ են, որ սա տարածվի նաեւ երկար վարկերի վրա, սակայն այս պահին դեռեւս օրինագիծն այս տեսքն ունի:

«Մենք այս նախագիծը մոտ 3 ամիս տարբեր ձեւաչափերով քննարկել ենք, ակնհայտ է, որ դեռ պետք է քննարկենք: Կանցնի մի քանի ամիս եւ մեր ֆինանսական կազմակերպություններն ու բանկերը հսկայական պրոբլեմներ են ունենալու սպառողական վարկերի հետ կապված: Այս կարգավորմամբ մենք ոչ միայն մարդիկ ավելի պատասխանատու մոտենան, այլեւ բանկերը, որովհետեւ մենք հիմա չենք պատկերացնում, թե չվճարումների ինչ խնդիրների կբախվեն բանկերը: Սա շատ էական հարց է, մենք ԿԲ-ում անցյալ անգամ եւս մի քանի մեթոդներ քննարկեցինք, որոնք հնարավոր կդարձնեն այս խնդիրների լուծումը»,-ընդգծեց Կարապետյանը: