Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել. երկրի ՊՆ


Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել. երկրի ՊՆ
Ապրիլ 7 15:42 2020

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել: Ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են ինքնաթիռների մարտավարական և տեխնիկական բնութագրերի, մարտական հնարավորությունների, սպառազինության, ինչպես նաև ինքնաթիռների արտադրության, շահագործման և պահպանման վերաբերյալ տվյալներ: Ադրբեջանցի ռազմական օդաչուները ռուսական ավիաբազաներում փորձնական թռիչքներ են կատարել МиГ-35 ինքնաթիռներով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ «Рособоронэкспорт» ընկերության ներկայացուցիչների և ռազմական գործարանների ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ամենաժամանակակից ինքնաթիռների գնման հարցում:

Tert.am