Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է


Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է
Ապրիլ 7 15:38 2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատախազների որոշումներով մինչև ապրիլի 6-ը ներառյալ փոփոխվել են 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։

 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 

«Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել է Աբրահամյանը։

 

Ավելի վաղ դատախազների նախաձեռնությամբ ազատ էր արձակվել 2 կալանավոր։

 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և  խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։