La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը


La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը
Ապրիլ 7 14:53 2020

Եթե «La casa de papel» անվանումը կարդալուն պես սկսում եք մտքում «Bella Ciao» երգել, ապա այս հոդվածը ձեզ համար է։ Բանն այն է, որ ֆեյսբուքահայությունը՝ սպառելով բոլոր հնարավոր ու անհանրին թեմաները, ձանձրանալով կորոնավիրուսային քննարկումներից, հոգնելով Ջոնի անունով օգտատիրոջ ուղիղ եթերներից, նոր հետաքրքրություն է գտել իր համար՝ կրիմինալ ու իսպանական հետաքրքրություն։ Կարելի է վստահաբար հայտարարել՝ «La casa de papel»-ը օկուպացրել է հայ լսարանի սրտերը։ Մեր հետաքրքրասեր թիմն էլ որոշել է փորփրել ու գտնել։

Սերիալը նկարահանված է քրեական դրամա, իսկ ավելի ճիշտ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում։ Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, ովքեր Պրոֆեսորի գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի արքայական դրամահատարանը։ Պրեմիերան կայացել է իսպանական «Antena 3» հեռուստաալիքով: Հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո սերիալը սկսեց հետաքրքրել Netflix ընկերությանը, որը միջազգային ցուցադրության իրավունք ձեռք բերեց։

2018 թվականի ապրիլին սերիալի միանգամից երեք կերպարներ ՝ Պրոֆեսորը, Տոկիոն և Դենվերը հայտնվեցին հեռուստասերիալների ամենահայտնի կերպարների «թոփ-20»-ի մեջ, որոնք կազմվել են «TV Time»-ի օգտատերերի հարցման արդյունքերի հիման վրա: Իսկ դեկտեմբերին «Նյու Յորք Թայմս»-ը սերիալը ներառեց իր՝ «2018 թվականի լավագույն արտասահմանյան հեռուստասերիալներ»-ի շարքում։

  • «Bella Ciao» երգը, որը բազմիցս հնչում է սերիալում, հայտնի պարտիզանական հիմն է։ «Bella Ciao»-ի նախատիպը XIX-րդ դարակեսի իտալական ժողովրդական երգ է։ Այն խորհրդանշում է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իտալացիների պայքարը Մուսոլինիի դեմ։ Ամբողջ աշխարհում այն հակաֆաշիստական գաղափար ունի։ Երգը կատարել են բազմաթիվ հայտնի երգիչներ ողջ աշխարհում, անգամ մեր օրերում այն իր կիրառությունն է գտնում տարբեր բողոքի ակցիաների և ցույցերի ժամանակ։

 

  • Տոկիոյի կերպաը ամբողջապես ոգեշնչված է հայտնի Լեոն ֆիլմի Մաթիլդայի կերպարից։

 

  • Սերիալի բոլոր էպիզոդները նկարահատվել են խիստ հերթականությամբ և դերասանները նախապես չեն իմացել, թե ինչ է տեղի ունենալու իրենց պերսոնաժի հետ։

 

  • Ի սկզբանե նախատեսված էր, որ բոլոր գողերը պիտի անբուժելի հիվանդություն ունենան, և հենց այդ փաստը պիտի նրանց դրդի գողությանը։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդպես ավելի հետաքրքիր կլիներ։

 

  • Երկրորդ եթերաշրջանում մենք հանդիպում ենք Ստոքհոլմին, վերջինիս անունը ոչ միայն Շվեդիայի մայրաքաղաքն է խորհրդանշում, այլ հղում է տալիս «Ստոքհոլմյան համախտանիշ» կոչվող հիվանդությանը. չէ՞ որ Ստոքհոլմը նախկին գերի էր, որը սիրահարվեց գողերից մեկին։

 

  • Ռաքել Մուրիլիոն հավաքում է վարսերը մատիտով ամեն անգամ, երբ հարցաքննում է գողերից մեկին, կամ պատրաստվում կարևոր օպերացիայի, որպեսզի կարողանա կենտրոնանալ։ Սա սերիալի խորհրդանշական կադերերից մեկն է։

 

  • Ի սկզբանե Պրոֆեսորն ու Բեռլինը չպիտի եղբայրներ լինեին։ Դերակատարներն ինքնուրույն են հորինել այդ նախապատմությունը, որտեղ Պրոֆեսորը Բեռլինի խորթ, փոքր եղբայրն է։ Իսկ նրանց ռուսերենի իմացության պատճառն այն է, որ ժամանկին Բեռլինն իր հետ տարել է Պրոֆեսորին Ռուսաստան՝ բուժման նպատակով։