«Արարատ» ֆուտբոլային ակումբը վերջին 10 տարիներին համակարգված կերպով մահանում է. Արամ Գաբրելյանովը` ակումբում տիրող իրավիճակի մասին

«Արարատ» ֆուտբոլային ակումբը վերջին 10 տարիներին համակարգված կերպով մահանում է. Արամ Գաբրելյանովը` ակումբում տիրող իրավիճակի մասին
Ապրիլ 6 14:53 2020

Հայկական արմատներով ռուսաստանցի մեդիամենեջեր, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի խնդիրներին` քննադատելով ակումբի սեփականատեր, հայկական արմատներով շվեյցարացի գործարար Վարդան Սիրմաքեշին:

 

«Այժմ «Արարատ» ֆուտբոլային ակումբում իրավիճակի մասին: Ակումբը վերջին 10 տարիներին համակարգված կերպով մահանում է: Ակումբի սեփականատեր, միլիարդատեր Սիրմաքեշն ակտիվորեն պատմում էր, որ ակումբին սպանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը: Սակայն այդ նախագահը վաղուց չկա, իսկ ակումբը մահանում է: Անցյալ տարվա ամռանը երեք հայ գործարարներ փաստաթղթեր ստորագրեցին, որ պատրաստ են ֆինանսավորելու ակումբը 5 տարի ժամկետով՝ ամեն տարի հատկացնելով մեկ միլիոն դոլար: Իմ պայմանավորվածությունը Սիրմաքեշի հետ այդ մասին էր:

 

Սակայն առանց թղթերի, ոչ մի խոսակցություն լինել չի կարող: Ես մեկնեցի Շվեյցարիա երաշխավորող նամակներով և առաջարկեցի ակումբը գրանցել 4 մարդու վրա` 3 գործարարներն ու Սիրմաքեշը` յուրաքանչյուրին 25% բաժնեմասով: Սիրմաքեշը երկար ժամանակ ինձ պատմում էր, թե ինչքան է սիրում Հայաստանն ու «Արարատ» ակումբը, և ասաց, որ պատրաստ է ամեն ինչ լուծել, բայց նախ պետք է իրավաբաններն ուսումնասիրեն գործը: Այդպես էլ պայմանավորվեցինք»,- գրել է Գաբրելյանովը:

 

Երկու շաբաթից շվեյցարացին, ըստ նրա, «ուղղակի անհետացավ»: Ակումբը շարունակեց խորտակվել պարտքերի մեջ, բանը հասավ նրան, որ ֆուտբոլիստների համար մարզաշապիկները, Գաբրելյանովի խոսքով, չէին բավարարում, համարները պարզապես փակցնում էին հին շապիկների վրա:

 

«Ինձ ուղղակի հետաքրքրեց՝ ինչու է այդպես: Եվ միայն վերջերս պարզ դարձավ, թե ինչու Սիրմաքեշը հրաժարվեց: Ինձ ծանոթ հայ լրագրողների հետաքննությունը ցույց է տվել, որ Սիրմաքեշը ոչ ոքի հետ չի կարող միավորվել, քանի որ միանգամից պարզ կդառնա, որ Երևանի հեղինակավոր թաղամասում դեռևս խորհրդային ժամանակներից «Արարատին» պատկանող շուրջ 40 հեկտար հողը Սիրմաքեշը վաղուց ծախել է, և այն ակումբի տրամադրության տակ չէ: Երբ երկրպագուները մեղադրանք ներկայացրին Սիրմաքեշին, որ նա Հայաստանի ազգային ժառանգություն «Արարատ» ակումբից գողացել է դեռևս Դեմիրճյանի և Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից տրված հողը, միլիարդատերը հանգիստ պատասխանեց, թե «ով ինձ կարող է բան ասել: Փաշինյանն ու նրա կինը գալիս են ինձ մոտ ու հանգստանում են Շվեյցարիայում»:

Կարծում եմ՝ Հայաստանում լրագրողները կարող են ամբողջական հետաքննություն կատարել ու պարզել, թե ինչ է կատարվում ակումբի հետ և ում ձեռքում են Ձորաղբյուրի հողն ու բազան: «Արարատի» միլիոնավոր երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը»,-գրել է Գաբրելյանովը:

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Faram.gabrelyanov%2Fposts%2F2959377810809655&width=500" width="500" height="287" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>

loading...