Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի երկրում արտակարգ դրություն կհայտարարի. Reuters


Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի երկրում արտակարգ դրություն կհայտարարի. Reuters
Ապրիլ 6 09:06 2020

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երեքշաբթի երկրում արտակարգ դրություն կհայտարարի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, հայտնում է՝ Reuters-ը վկայակոչելով տեղական Yomiuri պարբերականը:

 

Պարբերականը նշում է, որ միայն Տոկիոյում վարակումների թիվն անցել է հազարից:

 

Աբեն, հավանաբար, երկուշաբթի կհայտնի իր ծրագրերի մասին, իսկ ԱԴ ռեժիմը երկրում ուժի մեջ կմտնի արդեն չորեքշաբթի:

 

Երկրի կառավարության վրա ճնշում էր գործադրվում: Իշխանություններից պահանջում էին համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ վարակումների թիվը հատկապես մայրաքաղաքում շարունակում է աճել:

 

Ստեղծված իրավիճակի հետ կապված անհանգստություն է արտահայտել նաեւ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն, որն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ հավանություն է տվել արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելուն, որն իրեն կօգնի բնակիչներին կոչ անել խստորեն պահպանել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները:

 

Ըստ վերջերս ընդունված օրենքի՝ Ճապոնիայի վարչապետը կարող է արտակարգ դրություն հայտարարել, եթե հիվանդությունը կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում եւ տնտեսության վրա կարող է վիթխարի ազդեցություն ունենալ:

 

ԱԴ ռեժիմը նահանգապետներին թույլ կտա առավել ախտահարված շրջաններում մարդկանց կոչ անել մնալ տանը եւ փակել ձեռնարկությունները, սակայն չի ենթադրում խիստ մեկուսացման ռեժիմ, ինչպես շատ այլ երկրներում: