Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը


Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը
Ապրիլ 5 19:18 2020

Ագաթա Քրիստին չկա 

1926թ.-ի դեկտեմբերի 3-ին Ագաթա Քրիստին և ամուսինը՝ Արչիբալդ (Արչի) Քրիստին, որը սիրային կապ էր սկսել Նենսի Նիլ անունով մի կնոջ հետ, վիճեցին և Արչին հեռացավ տնից՝ հանգստյան օրերն իր սիրուհու հետ անցկացնելու համար: Ագաթան վեր կացավ իր սիրելի բազմոցից ու աստիճաններով բարձրացավ 7-ամյա դստեր՝ Ռոզալինդի սենյակ: Նա համբուրեց դստեր այտը, բարի գիշեր մաղթեց նրան ու իջավ իր տան երկրորդ հարկից: 21:45-ի սահմաններում նա նստեց իր Morris Cowley մակնիշի մեքենան և հեռացավ:

Նրան 11 օր շարունակ չէին կարողանում գտնել:

Ագաթա Քրիստիի անհետացումը հիմք էր դնելու այն ժամանակների ամենամասշտաբային որոնումներին: Նա արդեն հայտնի հեղինակ էր և ավելի քան 1000 ոստիկանների ու 15.000 կամավորների հանձնարարվել էր փնտրել նրան: Այստեղ առաջին անգամ որոնումների ժամանակ օգտագործվեցին մինի-ինքնաթիռները՝ աերոպլանները:

Որտե՞ղ է Ագաթա Քրիստին

Հեղինակի  քարտուղարը՝ Ուիլիամ Ջոյնսոն Հիքսը, պարտադրում էր ոստիկաններին ավելի լավ աշխատել ու արագ գտնել նրան՝ նույնիսկ պարգևատրում առաջարկելով: Որոնումներին մասնակցում էին նաև ժամանակի երկու հայտնի դետեկտիվ գրողները՝ «Լորդ Փիթեր Ուիմզի» գրքաշարի հեղինակ Դորոթի Էլ. Սեյերսն ու «Շերլոք Հոլմսի» հեղինակ Արթուր Կոնան Դոյլը: Վերջինս նույնիսկ դիմել է էքստրասենսների օգնությանը՝ հեղինակի ձեռնոցի միջոցով նրան գտնելու համար, սակայն՝ ոչ մի արդյունք:

Մի քանի օր անց գտնվում է Ագաթա Քրիստիի մեքենան՝ լքված ճանապարհի վրա՝ առանց որևէ նշույլի, որ նա հնարավոր է վթարի է ենթարկվել: Մեքենայի գտնվելու վայրում մի ջրվեժ կար, որտեղ նախկինում երկու երեխա էր մահացել: Որոշ լրագրողներ հիմնվելով սրա վրա կարծում էին, որ հեղինակը ինքնասպան է եղել՝ խեղդվել է: Սակայն նրա ենթադրյալ դին չէր գտնվել և ինքնասպանության վարկածն էլ մի փոքր անհնար էր թվում, քանի որ այդ ժամանակ Քրիստին բավականին հայտնի ու հաջողակ էր: Նրա վեցերորդ նովելը՝ «The Murder of Roger Ackroyd»/«Ռոջեր Ակրոյդի սպանությունը»-ը մեծ հայտնիություն էր ձեռք բերել ու շատ օրինակներով վաճառվել:

Ոմանք ասում էին, որ դեպքը ոչ ավելին է, քան խելացի տարբերակ նոր գիրքը գովազդելու համար: Մարդկանց մի մասն էլ ասում էր, որ նրան ամուսինն է սպանել և թաքցրել մարմինը:

Այսպես՝ 11 օր շարունակ գրեթե բոլոր պարբերականները գրում էին Ագաթա Քրիստիի անհետացման գրեթե բոլոր տարբերակների մասին և միայն դեկտեմբերի 14-ին ոստիկանները կարողացան գտնել նրան:

Նա առողջ էր ու անվնաս՝ Հարոգեյթի հյուրանոցներից մեկում, սակայն պատասխաններ ստանալու փոխարեն ավելի շատ կասկածներ հայտնվեցին: Բանն այն է, որ Ագաթա Քրիստին ասում էր, որ չի հիշում, թե ինչպես է հայտնվել այնտեղ և ինչ է պատահել: Կատարվածի պատկերը կազմել փորձեցին ոստիկանները:

Ագաթա Քրիստին ոչինչ չի հիշում

Ոստիկանները հանգեցին այն եզրակացությանը, որ հեղինակը հեռացել է տնից ու ճանապարհ ընկել դեպի Լոնդոն՝ ճանապարհին մեքենան վնասելով: Հարըգըթ սպա-քաղաք հասնելու համար նա գնացք է նստել և գրեթե առանց իրերի սենյակ վարձել հյուրանոցներից մեկում: Նա օգտագործել է Թերեզա Նիլ կեղծանունը, ինչը տարօրինակ է, քանի որ Նիլն իր ամուսնու սիրուհու ազգանունն էր: Այնտեղ գտնվելու ժամանակ նա կասկած հարուցող ոչ մի բան չի արել: Նրան աստիճանաբար ճանաչել է հյուրանոցի աշխատողներից մեկը, որն էլ դիմել էր ոստիկանություն: Ոստիկանները զանգել էին Քրիստիի ամուսնուն, որպեսզի գա ու տուն տանի նրան, սակայն գրողը չէր շտապում հեռանալ: Ասում են, երբ ամուսինը ժամանել է, Ագաթա Քրիստին սպասեցնել է տվել նրան՝ իր սենյակում անշտապ երեկոյան զգեստ հագնելու պատճառով:

Ագաթա Քրիստին շուտով կարողացել է վերականգնվել ու նորից գրիչն իր ձեռքը վերցնել, սակայն նա այլևս չէր կարող հանդուրժել ամուսնու դավաճանությունները: 1928թ.-ին նա ամուսնալուծվել է , իսկ հետագայում ամուսնացել Մաքս Մալոուենի հետ:

Ագաթա Քրիստիի անհետացման վարկածները

Հեղինակը դեպքից հետո երբեք չի խոսել 11 օր տևած իր անհետացման մասին, սակայն նրա փոխարեն դա փորձել են անել մյուսները՝ հասկանալու համար, թե ի՞նչ է պատահել այդ օրերին:

Նրա նախկին ամուսինը՝ Արչի Քրիստին, ասում էր, որ Ագաթան հավանաբար հիշողությունը կորցրել է ավտովթարի ժամանակ. սակայն նրա մեքենան անվնաս էր, ուրեմն ինչպե՞ս: Բայց նրա կենսագիրը՝ Էնդրյու Նորմենը, գրում է, որ հեղինակը դեպրեսիայի ու տրավմայի հետևանքով հոգեկան անհավասարակշռություն է ունեցել: Կենսագրի խոսքով դա է պատճառը, որ նա հյուրանոցում անգիտակցաբար օգտագործել է ամուսնու սիրուհու «Նիլ» ազգանունը և չի կարողացել թերթերի էջերի վրա ճանաչել իր դեմքը:

«Ես վստահ եմ, որ նա ինքնասպանության էլ կարող էր դիմել: Նրա միտքը մթագնած էր, ինչի մասին հեղինակը խոսել է իր կիսաինքնակենսագրական «Unfinished Portrait»/«Անավարտ դիմանկար» գրքում, որը հրատարակել է Մերի Ուեսթմաքոթ կեղծանունով»,- ասել է Էնդրյու Նորմենը:

Տարիներ անց՝ 1979թ.-ին, անգլիացի ռեժիսոր Մայլ Ափթիդը թողարկել է «Ագաթա» անունը կրող ֆիլմը, որը պատմում է Ագաթա Քրիստիի և նրա ամուսնու՝ Արչիի մասին: Այստեղ նկարագրվում է, թե ինչպես է Ագաթան պլանավորում իր ինքնասպանությունն այնպես, որ հետո բոլոր ապացույցները մատնանշեն ամուսնու սիրուհուն: Իսկ 2011թ.-ին թողարկվել է հեղինակ Ջարեդ Քեյդի «Ագաթա Քրիստին և անհետացման 11 օրը» գիրքը, որտեղ նախկինում արված տարբեր հարցազրույցների միջոցով փաստեր են ներկայացված՝ պնդելով, որ Ագաթա Քրիստին ծրագրել էր այս անհետացումը ամուսնուն վատաբանելու ու ամոթալի իրավիճակում դնելու համար, սակայն նրա մտքով չէր անցել, որ դեպքը կարող է այդքան մեծ մելոդրամա դառնալ:

Հավանաբար երբեք չենք կարողանա իմանալ, թե ինչ է տեղի ունեցել Ագաթա Քրիստիի հետ այդ 11 օրերից առաջ կամ դրանց ընթացքում, ի՞նչն է ստիպել հայտնի հեղինակին այդ քայլին գնալ և իսկապե՞ս նա կորցրել էր հիշողությունը: Դետեկտիվ ժանրի այս հեղինակն իր գրքերից բացի թողել է նման մի առեղծված, որը, ի տարբերություն իր գրքերի, հնարավոր է հավերժ մնա անպատասխան: Իսկ հավատալ Ագաթա Քրիստիի անհետացման վարկածներին, թե ոչ՝ որոշեք ինքներդ:

 

 



loading...