Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք. Երևանի գլխավոր ախտաբան


Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք. Երևանի գլխավոր ախտաբան
Ապրիլ 4 19:33 2020

Tert.am-ը զրուցել է Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ: «Այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին` սրտամկանի ինֆարկտից է մահացել այլ ոչ թե թոքաբորբից, ապա հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին, ու դրական լիներ:

 

Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը»,- ասում է նա:

 

-Պարոն Մխիթարյան, օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով կորոնավիրուսից մահացածները չեն դիահերձվի, որպես մասնագետ ձեր գնահատականը ո՞րն է այս օրենքին:

 

-Օրենքի նախագծի հայկական ասոցացիայի կողմից է հորդորվել: Նախարարի խորհրդատուի հետ միասին մենք խնդրեցինք, որ այդ նախագիծն ընդունվի: ՀՀ-ում չունենք որևէ դիահերձարան, որը կահավորված լինի այն ստանդարտներին համապատասխան, որը մեզ թույլ կտա հերձում իրականացնել նման վարակիչ ինֆակցիոն հիվանդությունների դեպքում: Այս խնդիրը վաղուց է գալիս: Դիահերձարանները, որոնք գտնվում են նաև ԲԿ-ների կազմում, դրանց գլխավոր բժիշկներին ձեռնտու չէ ասել՝ իմ դիահերձարանը չի համապատասխանում ստանդարտներին, եկեք կա՛մ վերանորոգենք, կա՛մ փակենք: Դիահերձարանն այսօր շատ շատերի համար բիզնեսի աղբյուր է, փող են աշխատում: Բայց այս պայմաններում հաստատված դեպքերի դիահերձումներն արգելելը շատ ճիշտ ու ողջունելի էր: Այ՛ո, դիահերձման ժամանակ կարող են վարակվել մարդիկ: Վիրուսը դեռևս հետազոտությունների փուլում է և դեռ պարզ չէ, թե որքան է վիրուսը մնում արտաքին միջավայրում, հետևաբար, ճիշտ էր հաստատված դեպքերի չհերձելու որոշումը:

 

- Քննարկումներ ու դիտարկումներ եղան, որ եթե վախ կա, որ դիակից կարող են բուժաշխատողները վարակվել, ապա վարակակիրների հետ աշխատելը կրկնակի վտանգավոր է:

 

- Այո, իհարկե: Մեկ այլ բան է, որ բուժաշխատողը շփվի վարակակրի հետ՝ իմանալով, որ նա վարակակիր է: Հակահամաճարակային գործողությունների տրամաբանությունից բխում է՝ պետք է ամեն ինչ անել, որ վարակվածության աստիճանը մաքսիմալ նվազեցվի: Եթե բուժաշխատողները շփվում են վարակակիրների հետ և վարակվում են, դա կլինիկայի և ներհիվանդանոցային խնդիր է և ներհիվանդանոցային այդ շփումների ձևաչափը պետք է համապատասխանի այն կետերին, որոնք կպաշտպանեն վարակվածությունից: Ինչ վերաբերում է դիահերձումներին, ապա ախտաբաններս ինքներս մեզ ուզում ենք ապահովել, որ մենք էլ չդառնանք վարակի աղբյուր:

 

Եթե Հանրապետությունում որևիցե մեկին թվում է, որ մենք Երևանում ունենք թեկուզ մեկ դիահերձարան, որի կոյուղաջրերը ախտահանվում են և նոր է գնում ընդհանուր կոյուղի, պետք է ասեմ՝ նման բան չկա: Ես իզուր չասացի, որ այս վիրուսի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Չինացի մեր կոլեգաների վերջին գիտական հոդվածներից պարզ է, որ երկար ժամանակ առողջացածների մոտ և վարակակիրների կղանքի մեջ հայտնաբերվում է այդ վիրուսը:

 

Ճիշտ է, գիտենք՝ հիմնական փոխանցման ճանապարհը օդակաթիլայինն է, բայց մենք չգիտենք տարածման այլ եղանակների մասին: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ մինիմալիզացնենք մեր շրջակա միջավայրի ախտոտվածությունը, այդ շահերից բխում է այն, որ չի կարելի հաստատված covid-ով մահացածի դիահերձումը. Երևանում ոչ մի դիահերձարան Երևանում չունի բիոֆիլտրներով այդ քաշիչ սարքերը, չունի կոյուղի ուղարկվող այդ ամբողջ ջրերի նախնական ախտահանումը, ինչը բերում է ամբողջ միջավայրի ախտոտվածության բարձրացմանը:

 

- Վիրուսի տրածման տեմպերի մասին ի՞նչ կասեք. նախորդ երկու օրերին վարակակիրների աճ գրանցվեց աննախադեպ, 92 և 73, այսօր էլ ունենք 34 վարակակիր, 7 մահվան ելք և մեկ ծայրահեղ ծանր դեպք:

 

- Այո, վարակիչ հիվանդության հետ գործ ունենք, և դա այդպես էլ պետք է լիներ: Կա փորձ, և Հայաստանն առանձին վերցրած երկիր չէ, ես շատ եմ ասել դրա մասին: Մենք պետք է նայենք հարևան երկրներում ինչ է կատարվում, աշխարհում ինչ է կատարվում: Չինաստանի, Իրանի, Իտալիայի, Եվրոպական երկրերի պատկերը աչքներիս տակ ունենալով՝ պետք է հասկանայինք հետևյալը՝ վիրուսը չափազանց արագ տարածվող վիրուս է, պետք է հասկանանք, որ մինչև վարակակիրների հայտնաբերելը՝ դրանից 10-14 օր առաջ այդ վարակակիրները հնարավոր է շփվեն շատ ու շատ մարդկանց հետ և նրանց էլ վարակեն:

 

Հակահամաճարակային տեսակետից գործ ունենք շատ արագ տարածվող վիրուսի հետ և խնդիր չէինք ունենա, որևէ անհանգստություն չէինք ունենա, եթե չտեսնեինք, որ շատ արագ զարգացող բարդություների հետ գործ ունենք: Նույն գրիպը՝ թռչնի գրիպ լինի, թե խոզի, դրանք էլ են բավականին արագ տարածվող, բայց բարդությունները ձգված են ժամանակի ընթացքում, և բուժաշխատողը, բժշկությունը, փաստորեն, ունի ժամանակ՝ ամեն մի բարդության դեպքի ադեկվատ օգնություն ցույց տալու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում