Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը առաջին հերթին տրվել են բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին


Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը առաջին հերթին տրվել են բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին
Ապրիլ 4 17:30 2020

 Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

 

«Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

 

Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

 

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման հանգամանքը, կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

 

Եվս մեկ անգամ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։

 

Ավելի վաղ, «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ՌԴ կառավարության կողմից ձեռք էր բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: