«Կորոնավիրուսը 26-ամյակս այնքա՜ն անմոռանալի դարձրեց»․ Սրբուկը՝ մեկուսացման պայմաններում իր տարեդարձի մասին


«Կորոնավիրուսը 26-ամյակս այնքա՜ն անմոռանալի դարձրեց»․ Սրբուկը՝ մեկուսացման պայմաններում իր տարեդարձի մասին
Ապրիլ 4 16:45 2020

Երգչուհի Սրբուկն երեկ նշել է 26-ամյակը։ Տարեդարձի օրը պասիվ անցկացնելու միտքը երգչուհուն միայն սկզբում է անհանգստացրել, հետո սկսել է այլ դիտակետից նայել ստեղծված իրավիճակին ու հանգամանքներին։ Կյանքը վերաիմաստավորելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու և այս ընթացքում իր մյուս մտորումների մասին Սրբուկը պատմել է Tert.am Life-ին։

 

Նա ծիծաղելով նկատեց, որ տարեդարձի մասին պատմելու շատ բան չկա, քանի որ արդեն կանխատեսելի է, թե ինչ պայմաններում ու ինչպես է անցկացնելու օրը․ «Կնշեմ ընտանիքիս հետ, որովհետև բոլոր ընկերներիս հորդորում եմ տանը մնալ։ Նրանց առողջությունն ինձ համար կարևոր է, պետք է բոլորս ապահով լինենք։ Այս օրերը պետք է այնպես կազմակերպենք, որ հիշարժան դառնան։ Այսինքն՝ տանից տեսազանգի միջոցով կապվենք մեր ընկերների հետ, շփվենք ու հետաքրքիր օր ունենանք։ Վատահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։ Կորոնավիրուսը 26-ամյակս այնքա՜ն անմոռանալի դարձրեց։ Սա իր մեջ ինչ-որ հետաքրքիր խորհուրդ ունի, ու ես հաստատ այս տարեդարձս միշտ կհիշեմ։ Այն մարդիկ, ովքեր ապրիլին են ծնվել, թող չընկճվեն, այս ամենում լավ բան տեսնեն»։

Երգչուհին նշեց, որ այս ամենը հետաքրքիր խորհուրդ ունի, եթե այսպես ստացվեց, ուրեմն այսպես էր պետք։

Սրբուկի խոսքով՝ տարեդարձը տոնելու ծրագրեր է ունեցել, որոնք, բնականաբար, չեղարկվել են։

«Իհարկե, պահեր լինում են, երբ մտածում եմ՝ ախր տարեդարձիս հետ կապված ծրագրեր ունեի, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ուրեմն այսպես էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ պլանավորել էի ընկերուհուս հետ Վիեննայում նշել ծնունդս, վերադառնալուց հետո մյուս ընկերներիս հետ այստեղ տոնել։ Անհամբեր սպասում է, թե երբ է այս օրը գալու, սակայն ստացվեց այսպես՝ բոլոր ճանապարհները փակվեցին, ու ես բառիս բուն և մյուս բոլոր իմաստնրով մնացի տանը,- ժպիտով ասաց Սրբուկն ու հավելեց,- Հիմա փորձում եմ համակերպվել այս մտքի հետ, հոգեբանորեն ինձ տրամադրել լավին, որովհետև պահ է լինում, երբ, ամեն դեպքում, ինքս ինձ հակասում եմ»։

Երգչուհին ընտանիքի հետ մեկուսացել է, բոլորով հետևում են կարանտինի պահանջած կանոններին։ Սա, ըստ Սրբուկի, ժամանակը վերաիմաստավորելու և բացերը լրացվելու շրջան կարող է լինել։

Ավելին՝սկզբնաղբյուր կայքում