Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail

Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail
Ապրիլ 2 12:32 2020

Ավստրալիայի խոշոր նահանգներում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել, գրում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով երկրի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետ Միք Ֆուլերի հայտարարությանը։

Ֆուլերը չի նշել, թե ինչ է սպասվում դրանից հետո, քանի որ ներկայում առողջապահական համակարգի աշխատակիցներն ուշիուշով հետևում են իրավիճակին և խիստ սահմանափակումների հետևանքով կորոնավիրուսով վարակվածների թվի անկում կանխատեսում։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆուլերը հայտնել է, որ ոստիկանական ուժերը երեք ամիս շարունակ կտուգանեն սոցիալական հեռավորության պահպանման կանոնները խախտողներին։ 

Նա հույս է հայտնել նաև, որ մարդիկ ականջալուր կլինեն կառավարության հորդորներին և իրենք ստիպված չեն լինի 1000 դոլար տուգանքի սպառնալիքի ուժը կիրառել։

Ֆուլերը լրագրողների հետ զրույցում նշել է, թե որոնք են տունը լքելու համար ընդունելի պատճառներ համարվում, այն է՝ «սննդի գնումներ կատարելը, դասի կամ աշխատանքի գնալը, բժշկական օգնություն ստանալը կամ սպորտով զբաղվելը»։

Առանց որևէ կարևոր պատճառի տնից դուրս գալու խստագույն սահմանափակումներ են սահմանվել Նոր Հարավային Ուելսում, Թասմանիայում, Վիկտորիայում, Քուինսլենդում և Ավստրալիայի մայրաքաղաքում։

Ավստրալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 5137 դեպք, որից 25-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 345 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Tert.am

loading...