«Սպանեք նրանց». Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ չի հանդուրժի կարանտինի ռեժիմը խախտողներին


«Սպանեք նրանց». Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ չի հանդուրժի կարանտինի ռեժիմը խախտողներին
Ապրիլ 2 11:48 2020

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին հայտարարված կարանտինի ռեժիմը խախտողներին նախազգուշացրել է, որ չի հանդուրժելու նրանց վարքագիծը, գրում է Reuters գործակալությունը։

Իր հեռուստաուղերձում Դուտերտեն հայտարարել է, որ չափազանց կարևոր է, որ բոլորը համագործակցեն և պահպանեն կարանտինային միջոցառումները, քանի որ իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը, և երկրի առողջապահության փխրուն համակարգն ազատել գերծանրաբեռնվածությունից:

«Իրավիճակը գնալով վատթարանում է, ուստի՝ ևս մեկ անգամ ձեզ տեղեկացնում եմ խնդրի լրջության մասին: Իմ հրամանը ոստիկանությանը և զինվորականներին՝ եթե խնդիր է առաջանում, և նրանք դիմակայում են և ձեր կյանքը վտանգի տակ է, կրակեք ու սպանեք նրանց»,- ասել է Ֆիլիպինների նախագահը։

«Հասկանալի՞ է։ Մեռած՝ խնդիրներ առաջացնելու փոխարեն։ Ես կթաղեմ ձեզ»,- հավելել է նա։

Աղբյուրը գրում է, որ Դուտերտեն նման մեկնաբանություններ է հնչեցրել է Մանիլայի շրջանի բնակիչների շրջանում ծագած անկարգությունների և ձերբակալությունների, ինչպես նաև բժշկական աշխատողների նկատմամբ բռնության և խտրականության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից հետո։

Ֆիլիպիններում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 96 մարդ, արձանագրվել է վարակման 2311 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։



loading...