Թուրքիայում ոստիկանությունը 5 բուժաշխատողի է բերման ենթարկել


Թուրքիայում ոստիկանությունը 5 բուժաշխատողի է բերման ենթարկել
Ապրիլ 2 11:41 2020

Անկարայի համալսարանի Իբն Սինա հիվանդանոցի առջև մի խումբ բուժաշխատողներ փորձել են հայտարարությամբ հանդես գալ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Այս մասին գրում է «Gazete Duvar» պարբերականը:

Բուժաշխատողները պաստառ են պարզել, որ վրա գրված է եղել «Խտրականությամբ չեք կարող հաղթահարել վիրուսը»:

Չնայած նրան, որ բուժաշխատողները պահպանել են սոցիալական հեռավորությունը, դիմակներ ու ձեռնոցներ են կրել, ոստիկանները միջամտել են և չեն թույլատրել շարունակել ակցիան: Վիճաբանություն է առաջացել, ինչի հետևանքով ոստիկանները 5 բուժաշխատողի են բերման ենթարկել:

«Հեղափոխական բուժաշխատողների արհմիության» տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արհմիության նախագահն ու մյուս բուժաշխատողները ցանկացել են հայտարարել, որ բուժաշխատողներին խտրականության ենթարկելով չեն կարողանա հաղթահարել կորոնավիրուսը:

«COVID 2019-ի դեմ այսպես չեն պայքարում: Լսեք բուժաշխատողների հորդորները»,-ասված է արհմիության տարածած հաղորդագրության մեջ:

Հրապարակվել է նաև ոստիկանական մեքենայով բերման ենթարկված բուժաշխատողների տեսանյութը:

Ակցիան կազմակերպած բուժաշխատողներն Առողջապահության նախարարության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում բազմաթիվ մաքրուհիներ ու բուժաշխատողներ խտրականության են ենթարկվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:



loading...