Առայսօր կորոնավիրուսից վեց իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության կայունացում ու մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Tert.am


Առայսօր կորոնավիրուսից վեց իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության կայունացում ու մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Tert.am
Ապրիլ 1 22:20 2020

Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 հազար 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման և մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման տվյալներ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

 

«Իրանում հիվանդացության տարածման առումով որոշակի կայունացման և մեղմացման միտումներ են նկատվում: Ամեն դեպքում, զգուշավորության և ապահովության մասին դեռևս չպետք է մոռանանք: Հիմա այստեղ Նովրուզի օրերն են, և թվում էր, թե տեղաշարժն ամբողջությամբ կդադարի, բայց հասարակության մի մասն ականջալուր չեղավ կոչերին, բազմաթիվ ընտանիքներ գնացին, օրինակ, ծովափնյա շրջաններ, և դա նկատի ունենալով՝ մասնագետները համաճարակի երկրորդ ալիք են կանխատեսում»,- ասել է դեսպանը:

Ըստ Թումանյանի՝ Իրանում սկզբնական կանխարգելմամբ չեն զբաղվել, հիվանդացության շղթաներ չեն կազմել և նրանց չեն տեղորոշել. «Այս աղետը վրա հասավ այն պահին, երբ Իրանը դաժանագույն պատժամիջոցների տակ էր: Կառավարությունը մինչ այս էլ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ էր: Այստեղ նույնիսկ սոցիալական փոխհատուցումների մասին չի խոսվում, ինչպես Հայաստանում»:

 

Դեսպանի կարծիքով՝ հայ-իրանական օդային և ցամաքային սահմանները փակելը հեշտ որոշում չի եղել, դա արվել է Իրանում առաջին վարակակրին հայտնաբերելուց հինգ օր հետո. «Իրանի հարևան երկրներից մենք առաջինն էինք, որ փակեցինք երկու սահմանները: Իրանական որոշ շրջանակների կողմից մենք քննադատվեցինք, հարցն ընկալվում էր առավելապես բարոյական հարթության մեջ: Սահմանի փակման որոշումը կայացվեց ճիշտ ժամանակին: Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդկերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որևէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»:

Արտաշես Թումանյանի պնդմամբ՝ վարակի փոխանցում տեղի չի ունեցել նաև հայ-իրանական բեռնափոխադրումների ընթացքում, դրանք այժմ կազմակերպվում են համաձայնեցված ցանկերով, կողմերն իրար են ներկայացնում անհրաժեշտ ապրանքների ցանկերը:

Դեսպանի հավաստմամբ՝ իրանահայերի վարակվածության ճշգրիտ հաշվարկ չկա, Իրանում կոնտակտավորների հաշվառում ևս չեն իրականացնում: «Առայսօր կորոնավիրուսից մահացել է վեց իրանահայ: Այսօր երկրում ակտիվացրել են թեստավորման աշխատանքները, հիվանդացության աճը կապված է թեստավորման արդյունքում բացահայտված դեպքերի հետ, թեև տանը մեկուսացած հիվանդների թիվն էլ չկա: Հայ համայնքը բավականաչափ կազմակերպված է, իրանահայերն ստանում են ճիշտ այնպիսի բուժօգնություն, ինչպես և մնացած բոլոր իրանցիները»,- ասել է Թումանյանը՝ հավելելով. «Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը և վերադառնալ Հայաստան, սպասում ենք, որ մոտ մեկ շաբաթից նրանց հերթական խումբը կվերադառնա»:





loading...