Մի բան էր, երբ կային 14 թեկնածուներ և մեկ այլ բան է, որ կան 2 թեկնածուներ. Սուրեն Սարգսյանը՝ Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլի մասին


Մի բան էր, երբ կային 14 թեկնածուներ և մեկ այլ բան է, որ կան 2 թեկնածուներ. Սուրեն Սարգսյանը՝ Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլի մասին
Ապրիլ 1 21:45 2020

Պետք է սպասել դիտորդների վերջնական գնահատականերին և զեկույցներին, որպեսզի ընտրությունների պատկերն ավելի պարզ լինի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի ընտրություններին և սպասվող երկորդ փուլի թեմային:

 

Սարգսյանը, խոսելով համաճարակային իրավիճակում երկրորդ փուլ իրականացնելու մասին, ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, թե երկու շաբաթից ինչ պատկեր կունենանք:

 

«Բայց կարծում եմ՝ սա բացառապես Արցախի իշխանությունների որոշելիք է, թե արդյոք պետք է երկու շաբաթից երկրորդ փուլ անել, կամ հետաձգել, բայց որևէ ռիսկային բան չեմ տեսնում: Ռիսկային կլիներ, եթե ժողովրդավարական գործընթացներ տեղի չունենար Արցախում»,- ասաց Սարգսյանը:

 

«Հույս ունեմ՝ ընտրությունները կանցնեն բոլոր միջազգային ստանդարտների և Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, որովհետև մեզ համար կարևոր խաղաքարտ է, որ Արցախը Ադրբեջանի համեմատ ժողովրդավար պետություն է և այն չի կարող բռնապետության բաղկացուցիչ մաս դառնալ»,- ներկայացրեց նա:

 

Հարցին, թե ինչ գնահատական կարող է տալ այն պատկերին, որ քարոզարշավին հիմնական մրցակցությունը թեկնածուներից Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև էին, սակայն ընտրություններին պատկերը փոխվեց, քաղաքագետը պատասխանեց, որ լուրջ ընտրախախտումների հաղորդումներ չի տեսել, որպեսզի պատկերի փոփոխությունը կապեր ընտրակեղծիքների հետ: Նա նշեց, որ պետք է սպասել դիտորդների վերջնական զեկույցներին: «Հիմա կարծում եմ՝ պետք է զերծ մնանք մեկնաբանություններից»:

 

Երկրորդ փուլին սպասվող փոփոխությունների մասին խոսելով՝ Սարգսյանը նշեց, որ ակնհայտ է, որ արդեն այլ պատկերներ կտեսնենք: «Մի բան էր, երբ կային 14 թեկնածուներ և մեկ այլ բան է, որ կան 2 թեկնածուներ: Շատ բան կապված է քարոզարշավից և առկա վիրուսի տարածումից»:

 

Սարգսյանը հիշեցրեց, որ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան և պետք է հույս ունենալ, որ այս վերջին օրվա ներհոսքն էլ վիրուս չի կարողացել տարածել Արցախում, որպեսզի երկրորդ փուլն ավելի արդյունավետ անցնի: