Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքը Արցախի իշխանություններին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է.  ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքը Արցախի իշխանություններին
Ապրիլ 1 21:38 2020

Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ:

 

Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն վկայությունն են:

 

Դրանք մեկ անգամ ևս փաստեցին, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և համընդհանուր: Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, հստակորեն սահմանում են, որ մարդու իրավունքների համատեքստում որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

 

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում:

 

Արցախի ապագա իշխանությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում արդեն ստացել են, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ստանալու են Արցախի ժողովրդի մանդատը, առանձնահատուկ պատասխանատվություն և դերակատարում ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում:

 

Արցախի ընտրված իշխանությունների ակտիվ ներգրավումը որպես հակամարտություն կարգավորման հիմնական կողմ էականորեն կբարձրացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը և կապահովի առաջընթաց կարգավորման առանցքային հարցերում:

 

Արցախի ընտրությունները կարևոր են նաև տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից:  Այն վերստին փաստում է իրողությունը, որ հակամարտությունը չի կարող դառնալ անհաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին:

 

Այս օրերին մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դեմ չորս տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը և սեփական ժողովուրդների առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության խաղաղ կարգավորման գրավականն է:

loading...