Երկրորդ փուլի գլխավոր ինտրիգն Արցախում

Երկրորդ փուլի գլխավոր ինտրիգն Արցախում
Ապրիլ 1 20:51 2020

Արցախի Հանրապետությունում երեկ անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոս +1 ձայնը, ինչը նշանակում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի ընտրությունների քվեարկությունից 14 օր հետո։ Երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Պետք է փաստել, որ երկու թեկնածուներն էլ, այսպես ասած, լոյալ են Հայաստանի իշխանություններին:

 

Արայիկ Հարությունյանը քարոզարշավն սկսել էր դեռ 1,5 տարի առաջ և թերևս դրանով է պայմանավորված վերջինիս հաջողությունը՝ նրան ընդամենը մի քանի հարյուր ձայն չէր բավարարել առաջին փուլով հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերվում է Մայիլյանին, ապա վերջինս թերևս ունի ճանաչված լինելու խնդիր: Սակայն, եթե մի պահ ենթադրենք, որ երկրորդ փուլում հաղթելու է Մայիլյանը, ապա նրա խնդիրները նոր են սկսելու:

 

Պատճառն էլ այն է, որ նախագահական ընտրությունների հետ զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրություններում Մայիլյանի «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը, հավաքելով ընդամենը 3305 ձայն, չի անցել խորհրդարան: Իսկ դա նշանակում է, որ Մայիլյանը ստիպված է լինելու խորհրդարանի հետ աշխատելու ուղիներ որոնել մի պարագայում, երբ ոչ միայն ներկայացված չի լինելու խորհրդարանում, այլ նաև քաղաքական մեծամասնությունը լինելու է իր քաղաքական հակառակորդի ձեռքում:

 

Այս առումով՝ Արայիկ Հարությունյանի վիճակը շատ ավելի շահեկան է, նրա գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը 29688 ձայնով առաջատար է: Իհարկե, Մայիլյանին այս հարցում կարող է օգնության հասնել Սամվել Բաբայանը, ում գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը 17365 ձայնով երկրորդն է, հետևաբար ոչ փոքրաթիվ ներկայացվածություն է ունենալու նոր ԱԺ-ում:

 

Դժվար է կռահել, թե ինչպես իրենց կպահեն և որքան կոալիցիոն համագործակցության միտված կլինեն խորհրդարան անցած մյուս ուժերը՝ ՀՅԴ-ն, Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը և Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը: Մյուս կողմից՝ պետք է փաստել, որ ՀՀ իշխանությունների գերնպատակն այս ընտրություններում՝ Վիտալի Բալասանյանին ընդհանրապես ձեռնունայն թողնելն իրականություն չդարձավ:

 

Վերջինիս ղեկավարած ուժը լինելու է մեծությամբ երրորդը և հետևաբար ժամանակից շուտ Բալասանյանին խաղից դուրս թողնել չի հաջողվի, իսկ վերջինիս խաղի մեջ մնալը էականորեն կարող է խառնել մյուս խաղացողների խաղաքարտերը…

loading...