Գիտնականներն արյան փոխներարկման միջոցով կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ են հայտնաբերել. South China Morning Post


Գիտնականներն արյան փոխներարկման միջոցով կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ են հայտնաբերել. South China Morning Post
Ապրիլ 1 18:35 2020

Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ով վարակված հիվանդներին կարելի է բուժել արդեն հիվանդացած ու ապաքինված մարդկանց արյան փոխներարկման միջոցով։ Այս մասին գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով Հոնգկոնգի համալսարանին։

Գիտնականները գիտափորձեր են անցկացրել սիրիական ոսկեգույն գերմանամկների վրա, որոնց ACE2 սպիտակուցը նման է մարդկային ACE2 սպիտակուցին։ Գիտնականների տվյալներով՝ հենց դրա միջոցով է կորոնավիրուսը ներթափանցում օրգանիզմ։

Հետազոտությունների շրջանակներում գիտնականները կրծողներին վարակել են կորոնավիրուսով և հետևել, թե ինչպես է նրանց օրգանիզմն արձագանքում վարակմանը։ Սկզբնական շրջանում վարակված կրծողների մոտ ախտահարվել են շնչառական ու մարսողական համակարգերի օրգաններն ու նկատվել է իմունային համակարգի թուլացում։ Որոշ դեպքերում անգամ գրանցվել են թոքերի արյունահոսություններ։ Մեկ շաբաթ անց մկների վիճակն սկսել է բարելավվել, իսկ ապաքինումից հետո անալիզները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում հակամարմիններ են արտադրվել։

Գիտնականներն առանձնացրել են ապաքինված մկներին և նրանց արյան հիման վրա ստեղծել շիճուկ, որը ներարկվել է առողջ մկներին, որոնց էլ մասնագետները հետագայում վարակել են COVID-19-ով։

Պարզվել է, որ շիճուկը ստացած կրծողների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա տասը անգամ ցածր էր։ Գիտնականների կարծիքով՝ այս մեթոդի կրառումը կարող է զգալիորեն թեթևացնել ապաքինման գործընթացը նաև մարդկանց մոտ։ 

Ինչպես նշում է պրոֆեսոր Յուեն Կվոկ-յունը, այժմ մասնագետներն ակնկալում են ստանալ էթիկայի հանձնաժողովի համաձայնությունը հետագա գիտափորձերի անցկացման համար։ Եթե գիտնականների ակնկալիքներն արդարանան, ապա արյան փոխներարկման միջոցով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել COVID-19-ի հետևանքով մահացության մակարդակը։

Հիշեցնենք, որ  Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին, իսկ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  874 560 դեպք, 43 428-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 184 952 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին 571 է, բուժվածների թիվը` 31, մահվան ելքերը՝ 3։