Արդարադատության նախարարը ՔԿՀ-ների բեռնաթափման կարիք չի տեսնում


Արդարադատության նախարարը ՔԿՀ-ների բեռնաթափման կարիք չի տեսնում
Ապրիլ 1 18:36 2020

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների բեռնվածության աստիճանը 43-44 տոկոս է։ Ապրիլի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հայաստանում պետք է կալանավորներին ազատել՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։

 

Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել Իտալիայի, Իրանի և  այն երկրների ՔԿՀ-ների բեռնվածության վերաբերյալ վիճակագրությունը, որոնք ազատ են արձակել իրենց կալանավորներին։

 

«Բեռնվածության աստիճանը 120 , 150, երբեմն 200 տոկոս է, իսկ Հայաստանում բեռնվածության աստիճանը 43-44 տոկոս է։ Մենք չունենք կրիտիկական իրավիճակ, որպեսզի դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները»,- ասաց Բադասյանը։

 

Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում եղել են կորոնավիրուսի թեսթ հանձնողներ և բոլորի դեպքում բացասական պատասխան է ստացվել։

 

«Քրեակատարողական հիմնարկներում ոչ մի վարակակիր չկա։ Ամեն դեպքում, կանխարգելիչ միջոցառումների իրականացվել են տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար»,- եզրափակեց Բադասյանը։

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2704-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի:

 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

 

ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: