Արցախի քաղաքացիները կարող են ՀՀ-ից Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 3-ը


Արցախի քաղաքացիները կարող են ՀՀ-ից Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 3-ը
Ապրիլ 1 17:52 2020

 Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ–ից Արցախ կարող են վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2–ի ժամը 23:59–ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի։ 

«Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:

Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»,– նշված է հայտարարությունում։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։