Գարնանային արձակուրդներն անցկացնելու նպատակով ԱՄՆ Տեխաս նահանգից Մեքսիկա ճանապարհորդած տասնյակ ուսանողների մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Daily Mail պարբերականը։
Կայքի տեղեկությունների համաձայն՝ Օսթին քաղաքից Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաք մեկնած ուսանողների 70 հոգանոց խմբից 28-ի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։
Խմբի որոշ անդամներ մասնավոր ինքնաթիռով են ճանապարհորդել, մյուսներն էլ՝ կոմերցիոն չվերթներով։ Հայտնի է, որ 28 վարակակրից 4-ի մոտ հիվանդության որևէ ախտանշան չկա։
Կորոնավիրուսով վարակված ուսանողներն արդեն ինքնամեկուսացվել են, հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը կապ է հաստատել օդանավում գտնված բոլոր անդամների հետ և հատուկ զգուշացումներ կատարել։
Նշվում է , որ ուսանողները ճանապարհորդել են այն ժամանակ, երբ Մեքսիկայում թռիչքի վտանգավորության մասին որևէ ցուցումներ դեռևս չեն եղել։