«Քանի դեռ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, ազատ կարող է տեղաշարժվել նաև վիրուսը»․ Բիլ Գեյթսը երեք կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել.WP


«Քանի դեռ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, ազատ կարող է տեղաշարժվել նաև վիրուսը»․ Բիլ Գեյթսը երեք կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել.WP
Ապրիլ 1 17:38 2020

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը, որը համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել համաճարակի նախապատրաստվել դեռևս 2015 թվականին, երեք կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։

 

Գեյթսը The Washington Post թերթի համար գրված հոդվածում առաջարկներ է հնչեցրել, որոնք, ըստ նրա, հիմնված են փորձագիտական խորհրդատվության վրա։

«Ոչ մի կասկած չկա, որ Միացյալ Նահանգները կորցրեց նոր տեսակի կորոնավիրուսը հաղթահարելու հնարավորությունը։ Սակայն կարևոր որոշումներ կայացնելու պատուհանը դեռևս չի փակվել»,- հայտնել է նա։

 

«Որոշումները, որոնք մենք ու մեր առաջնորդները կայացնում ենք այսօր, հսկայական ազդեցություն կունենան հետևյալ հարցերի վրա՝ որքան շուտ կսկսեն նվազել կորոնավիրուսի հաստատված դեպքերը, որքան երկար տնտեսությունները չեն գործի և քանի ամերիկացի ստիպված կլինի թաղել կորոնավիրուսի հետևանքով մահացած իր սիրելիին»,- հավելել է Գեյթսը՝ կոչ անելով հետևողական համազգային մոտեցում ցուցաբերել արգելափակումներին, որոնք սահմանվում են երկրում հիվանդության տարածումը զսպելու համար:

Նա նշել է այն փաստը, որ որոշ պետություններ ամբողջությամբ չեն փակվում, ինչը որակել է «աղետի դեղատոմս»:

«Քանի դեռ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, ազատ կարող է տեղաշարժվել նաև վիրուսը»,- ասել է գործարարը։

Microsoft-ի հիմնադիրը նաև կոչ է արել դաշնային կառավարությանը ակտիվացնել թեստավորումը և հստակ առաջնահերթություններ սահմանել, թե ով առաջին հերթին թեստ անցնելու կարիք ունի, և առաջնահերթությունը տալ բուժաշխատողներին և առաջին օգնություն ցուցաբերողներին:
 
Երկրորդը՝ «շատ ախտանշաններ ունեցող մարդկանց, որոնք ավելի շատ ռիսկի են ենթարկվում լուրջ հիվանդության դեպքում»։
 
Վերջին քայլը, ինչպես նշել է Գեյթսը, կլինի ընդունել «տվյալների վրա հիմնված մոտեցում բուժման և պատվաստանյութի ստեղծման համար»։

«Ինչպես տեսանք այս տարի, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց ես դեռ հավատում եմ, որ եթե մենք ճիշտ որոշումներ ընդունենք հիմա՝ հիմնվելով գիտության, տվյալների և բուժաշխատողների փորձի վրա, ապա կկարողանանք փրկել մարդկային կյանքեր և երկիրը վերադարձնել աշխատանքի»,-իր հոդվածը եզրափակել է Գեյթսը:

Tert.am