Չինաստանը կորոնավիրուսի ֆոնին մարդկանց տեղաշարժը կարգավորում է անձնական տվյալներ հավաքող հատուկ հավելվածների միջոցով. The Guardian


Չինաստանը կորոնավիրուսի ֆոնին մարդկանց տեղաշարժը կարգավորում է անձնական տվյալներ հավաքող հատուկ հավելվածների միջոցով. The Guardian
Ապրիլ 1 17:23 2020

Չնայած Չինաստանի իշխանություններն աստիճանաբար չեղարկում են բնակիչների տեղաշարժը սահմանափակող արգելքներն ու մարդիկ կամաց-կամաց բնականոն կյանքին վերադառնալու հնարավորություն են ստանում, այնուհանդերձ՝ տեղաշարժի նրանց իրավունքը մեծամասամբ կախված է հեռախոսային հատուկ հավելվածներից, գրում է The Guardian-ը:

«Առողջության կոդ» (Health code) ծառայությունը, որը ստեղծված է չինական կառավարության համար և գործում է Alipay և WeChat առցանց հարթակներում, հիմնվելով օգտատերերի առողջական վիճակի վրա՝ նրանց տեղաշարժի «գունավոր» ցուցումներ է տալիս: Բացի այդ, հավելվածը տալիս է QR կոդ, որն անհրաժեշտության դեպքում կարող է սկանավորվել իշխանությունների կողմից:

Յուրաքանչյուր նահանգում և քաղաքում այս հավելվածները տարբեր են, սակայն բոլորն էլ գործում են նույն սկզբունքով՝ կանաչ կոդը մարդկանց համեմատական կարգով ազատ տեղաշարժի իրավունք է տալիս, դեղին կոդը օգտատիրոջն ասում է, որ նա պետք է տանը մեկուսանա, մինչդեռ կարմիր կոդը փաստում է, որ մարդը կորոնավիրուսի վարակակիր է և որ նա պետք է կարանտինային ռեժիմ պահպանի:

Աղբյուրը նկատում է, որ այսպիսի հավելվածները դարձել են կորոնավիրուսի վտանգի գոտում գտնվող հատվածներում չինական իշխանությունների կողմից բնակչության տեղաշարժի համակարգման գործընթացի անքակտելի մասը:

Այնուհանդերձ, այս տեխնոլոգիան լուրջ մտավախությունների առիթ է տալիս մարդկանց անձնական կյանքի և համապատասխան տվյալների անվտանգության առումով: Չինացիներին հուզում է այն հարցը, որ հավելվածի աշխատանքը թափանցիկ չէ և որ իրենց անձնական տվյալները՝ հայտնի չէ որտեղ են պահվում:

«Իսկ ինչու մենք պետք է Alipay-ի և WeChat-ի պես ընկերություններին թույլ տանք հետևել մեզ այդ հավելվածի միջոցով»,-բողոքել է օգտատերերից մեկը:

Նշվում է, որ հավելվածը մարդկանցից կոնտակտային և անձնագրային տվյալներ է պահանջում, մանրամասն հարցեր է ուղղում առողջական վիճակի, վերջին շրջանում կատարած ուղևորությունների մասին: