Այսօրվա գրառումը դրամի մասին է, որը վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան

Այսօրվա գրառումը դրամի մասին է, որը վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան
Մարտ 29 23:07 2020

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանն իրե ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա գրառումը դրամի մասին է, որը վարակի տարածման հիմնական աղբյուրներից է։ Ինչպես տեսանք, ՀՀ-ում վարակի համեմատական բարձր մակարդակը պայմանավորված էր ՏՌ Ռյան էյրի դեպի Միլան թռիչքներով (որոնք շարունակվեցին մինչև մարտի 2-րդ տասնօրյակ), ՆՓ-ի «այո» քարոզարշավով և ՍԱ-ի արտադրամասով։ Սրանք սկզբնաղբյուրներն էին։ Կան գործոններ էլ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է ազգային արժույթի՝ լարիի կարանտինը։ ՀՀ ԿԲ,այս պահի դրությամբ մատը մատին չխփեց։ Ի՞նչ հարցեր է պետք այստեղ հրատապ լուծել։ Հիմնական խնդիրն է. դրամաշրջանառությունը կազմակերպել այնպես, որ փողն իբրև վճարման միջոց չնպաստի վիրուսի տարածմանը։

Չինաստանի մեծագույն առավելությունն էր. այդ երկրում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հեռախոսներով վճարումների տեսակարար կշիռը (ինչպես դրվատանքի խոսքեր չասես Huawei-ի, Xiaomi-ի և այլոց հասցեին)։ Նույն Եվրոպան, մասնավորապես Իտալիան, արագորեն վարակ է տարածում ավանդական պլաստիկ քարտերով վճարումներ կատարելիս։ Ինչևէ, առաջինը ՀՀ-ում շատ թույլ է զարգացած (ավաղ), երկրորդը (պիտի ասեմ բարեբախտաբար) նույնպես (համեմատաբար)։ Հիմա, ի՞նչ պիտի աներ ՀՀ ԿԲ-ն, որ չի արել։

1. Դեռևս հունվարից կառավարության և հեռախոսային օպերատորների հետ համատեղ ինտենսիվորեն առաջ տանել հեռախոսներով գնումների վճարման ծրագիրը։ Գոնե հիմա սկսեք։ Բարեբախտաբար ունենք սմարթֆոններով հագեցած հասարակություն։ Ի՞նչպես ԿԳՄՍ արագորեն անցավ հեռավար ուսուցման։ Այսօր անկորուստ աշխատող միակ ոլորտն է։

2. Արագորեն, շուտ-շուտ փոխել թղթադրամը, տպել նոր, վարակից հեշտությամբ մաքրվող, թաղանթապատ, վարակ չտարածող կամ քիչ տարածող թղթադրամ։ Հնարավոր են նաև շատ այլ տեխնիկական լուծումներ։

3. Ծայրահեղորեն կրճատել մետաղադրամների կիրառումը։ Այս ընթացքում ես նույնիսկ կտպագրեի 200 և 500 դրամանոց թղթադրամներ։

4. Ստիպել առևտրային բանկերին ստերիլիզացնել բանկոմատները։

5. ՀՀ պարետի հետ պետք է համատեղ հրաման արձակել առևտրի ժամանակ մանրադրամը

քաղաքացիներին չվերադարձնելու, այլ կնքված տետրակներում կամ մատյաններում հաշվառելու համար։

6. Ժամանակավորապես դադարեցնել գործող ՀԴՄ ապարատների կիրառումը, որոնք չեն պաշտպանում վարակի տարածումը։ Այդ խնդրին տալ տեխնիկական լուծում։

ԿԲ տնտեսական (դրամավարկային) քաղաքականության մասով խոսել ենք ավելի վաղ։ Առաջիկայում դրան լրացուցիչ անդրադարձ կլինի։

p.s. Մոտ օրերին իրար հետ կքննարկենք նաև այսպիսի հարց. կ-վ-սը և ԼՂՀ հիմնախնդիրը։ Ինձ թվում է, որ վիրուսը էականորեն կփոխի նաև ԱՀ միջազգային ճանաչման հիմնախնդիրը։ Մեզ համար դրական առումով։ Բայց սրան կանդրադառնանք մարտի 31-ի ԱՀ նախագահի և ԱԺ ընտրություններից հետո»։

 
loading...