Օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազում, էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների աճ և այլն․ կորոնավիրուսի դրական և բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա


Օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազում, էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների աճ և այլն․ կորոնավիրուսի դրական և բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա
Մարտ 28 20:49 2020

Կորոնավիրուսի համավարակը հսկայական ազդեցություն է ունենում մեր մոլորակի վրա։ Այն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը։ «Բյուրեղյա մաքուր» ջրեր Վենետիկի ջրանցքներում, օդի աղտոտվածության մակարդակի նվազում Չինաստանում և Իտալիայում, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումների նվազում ամբողջ աշխարհում։ Սակայն կորոնավիրուսի համավարակը շրջակա միջավայրի վրա ունեցել է նաև իր բացասական հետևանքները․թափոնների և էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները նույնպես մտահոգիչ են։

 

Star Insider-ը ներկայացնում է կորոնավիրուսի դրական և բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա։

Դրական հետևանքներ

Օդի աղտոտվածություն

2018 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցը ցույց է տվել, որ մինչև 15 տարեկան բոլոր երեխաների 93 տոկոսը շնչում է թունավոր, աղտոտված օդ: Համավարակի բռնկումից ի վեր մի շարք երկրներ համազգային կարանտին են հայտարարել, ինչի հետևանքով նվազել են ածխաթթու գազի արտանետումները։

Օդի որակի բարելավում Չինաստանում

Աղտոտվածության մակարդակի ամենամեծ անկումներից մեկը կարելի է դիտարկել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ հունվարին բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը։ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում հարյուրավոր գործարաններ են աշխատում, որոնք ավտոմոբիլային մասեր և այլ սարքավորումներ են մատակարարում ամբողջ աշխարհում։
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևելյան և կենտրոնական Չինաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը նորմայից 10-30 տոկոսով ցածր է:

Շրջակա միջավայրի աղտոտում

Էկոլոգիական ռեսուրսների տնտեսագետ Մարշալ Բերկը հաշվարկել է, որ Չինաստանում աղտոտման կրճատման երկու ամիսները, հավանաբար, փրկել են մինչև հինգ տարեկան 4000 երեխաների և 70-ից բարձր 73 000 մեծահասակների կյանքը։

Խցանումներ

2020 թվականի մարտի 11-ին Իսպանիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը հայտնել է Մադրիդում խցանումների 14,3 տոկոսով անկման մասին: Նյու Յորքում ճանապարհային երթևեկությունը կրճատվել է 35 տոկոսով, իսկ ածխաթթու գազի արտանետումները, հետևաբար, էականորեն նվազել են:

Իտալիայում ազոտի երկօքսիդի արտանետումների կրճատում

«Հյուսիսային Իտալիայի հովտի վրա ազոտի երկօքսիդի արտանետումների նվազեցումը հատկապես ակնհայտ է»,- արձանագրել է Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel-5P առաքելության ղեկավար Կլաուս Զեհները։

Բացասական հետևանքներ

Քաղցած կենդանիներ

Թաիլանդում այցելուների թվի անկումը բացասաբար է անդրադառնում հատկապես կապիկների վրա, քանի որ կենդանիներին մեծամասամբ կերակրում են հենց զբոսաշրջիկները:
Օրերս առցանց հարթակում տեսանյութ էր տարածվել, որտեղ հարյուրավոր սոված կապիկներ պարենամթերքի պակասի պայմաններում մարտնչում են միմյանց հետ մեկ բանանի համար։
Կադրերում երևում է, թե ինչպես է պրիմատների մեծ խումբն անցնում ճանապարհը, ապա հարձակվում բանանն առաջինը ձեռք գցած կապիկի վրա։

Բժշկական թափոններ

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին մեծացել է միանգամյա պաշտպանիչ դիմակների պահանջարկը, ինչը հանգեցրել է թափոնների ավելացմանը։ Միայն Ուհանում բժշկական թափոնների ծավալն ավելացել է չորս անգամ և կազմել օրական ավելի քան 200 տոննա։

Էլեկտրաէներգիա

Կարանտինի պայմաններում մարդիկ ավելի շատ էլեկտրաէներգիա են օգտագործում։

Ինտերնետի համաշխարհային ռեկորդ

2020 թվականի մարտի 11-ին DE-CIX ընկերությունը հաղորդել է նոր համաշխարհային ռեկորդի մասին։ Vodafone-ը հաղորդում է Եվրոպայում ինտերնետի օգտագործման 50-տոկոսանոց աճի մասին:

 



loading...