Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն. Քննարկել են կորոնավիրուսի եւ ընտրությունների հարցերը


Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն. Քննարկել են կորոնավիրուսի եւ ընտրությունների հարցերը
Մարտ 28 14:10 2020

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք եւ արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը: