Գյումրիում շատ ծանր է վիճակը, շատ լավ կլինի, որ օրավարձով աշխատողներին 70,000 դրամով օգնեն. անհատ տաքսու վարորդ


Գյումրիում շատ ծանր է վիճակը, շատ լավ կլինի, որ օրավարձով աշխատողներին 70,000 դրամով օգնեն. անհատ տաքսու վարորդ
Մարտ 26 22:08 2020

Ես որոշ ժամանակ արտագնա աշխատանքի եմ գնացել, այստեղ՝ «Յանդեքս» տաքսի, ծառայությունում մեքենա էի վարում, օրավարձով վերցրած մեքենա, որն այլևս ձեռնտու չէր, էլ չեմ անում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիից Գևորգ Կուրղինյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանում օրավարձով աշխտող հասկացություն գոյություն չունի:

 

«Շատ հայ տղամարդիկ արտագնա աշխատանքով են գումար աշխատել, բացի դրանից, գալով այստեղ՝ փորձել են ինչ-որ փոքր աշխատանքով մի փոքր գումար վաստակել իրենց օրվա հացի համար, ունեն բանկային պարտավորություններ, ունեն պարտքեր խանութներում և այլն: Օր-օրի օրական աշխատելով մարդիկ վաստակել են իրենց գումարը: Բայց հիմա արտագնա աշխատանքը դադարեց, դադարեց նաև այդ մանր-մունր աշխատանքների կատարումը և մարդիկ գումար չեն վաստակում: Այստեղ խնդիր է դառնում բանկերի նկատմամբ ունեցած պարտավորություն կատարելը, կոմունալ վճարումներ կատարելը: Բոլոր վարձու աշխատողները, որոնք մանր գումարներ են վաստակել, ունեն այդ խնդիրները»,- նշեց նա:

Գևորգ Կուրղինյանը նշեց, թե պետությունից ակնկալում է, որ այդպիսի աշխատողներին որոշ չափով այս ընթացքում օգնեն: «Օգնեն, որ մարդիկ կարողանան հացի խնդիրը լուծել: Վարկային պարտավորությունները հետաձգեցին մեկ ամիս, կոմունալը տեսնենք ինչ է անելու, բայց եթե հանկարծ այս ամենը երկար տևեց այդ դեպքում շատ մեծ խնդիր է լինելու: Հիմա այս պահին դեռ մարդիկ կարող են ապրել ունեցած գումարով, բայց եթե ձգվեց 4 ամիս, չգիտեմ ինչ կլինի»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում