Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը


Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը
Մարտ 26 21:35 2020

Մեկնարկել է «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արել է սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:

 

«Մեր հանդիպումն անցկացնում ենք՝ ցույց տալով մեր՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների պատասխանատվությունը կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու հարցում, ինչը պահանջում է վճռական միջոցների ձեռնարկում տարբեր մակարդակներով»,- ասել է սաուդացի թագավորը:

 

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել է տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից: Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները:

Միջազգային կազմակերպությունները ժողովում ներկայացնում են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Համաշխարհային բանկի խումբը, ԱՄՀ-ն:

Արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեման է COVID-19 կորոնավիրուսի համավարակն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 480 000-ը, մահացածներինը՝ 22 000-ը:  



loading...