Այսօրվա իրականությունն այն է, որ վերջին տարիներին մեդիա դաշտում կատարված փոփոխությունների հետևանքով մենաշնորհն արդեն վերացել է. Աղասի Ենոքյան


Այսօրվա իրականությունն այն է, որ վերջին տարիներին մեդիա դաշտում կատարված փոփոխությունների հետևանքով մենաշնորհն արդեն վերացել է. Աղասի Ենոքյան
Մարտ 26 20:17 2020

Քաղաքագետ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքին, որով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք տալ։ Ենոքյանի կարծիքով՝ Հ1-ը պարզապես որպես մանրադրամ է օգտագործվում, քանի որ իր տեղեկություններով՝ մենաշնորհը քանդելու անվան տակ օրինագծի ընդունումը նպատակ ունի նոր մենաշնորհ հաստատել հօգուտ մեկ այլ ալիքի։ Քաղաքագետի գրառումը՝ ստորև․

 

«Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը առաջին ընթերցմամբ, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը տալ գովազդ հեռարձակելու իրավունք։ Որպես օրենքի փոփոխությունների նպատակ նշվեց Հանրային հեռուստաընկերության հաղորդումների որակի բարձրացման հիմնավորումը։

 

Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ամսական ստանում է շուրջ 1 մլն 200 հազար դոլար, ինչը 3-4 անգամ ավելի է, քան ամենավարկանշային մասնավոր հեռուստաընկերության վաստակած գումարը, սակայն նրա վարկանիշը միևնույն է, զիջում է այդ հեռուստաընկերություններին 3-4 անգամ։ Սա պարզապես վկայում է Հ1-ում տիրող անարդյունավետ կառավարման, և ինչու ոչ՝ նաև գանձագողության մասին, և լրացուցիչ գումարը չի ավելացնի հաղորդումների որակը, այլ պարզապես կմսխվի։ Ոչ մասնագետների համար ասեմ, որ նոր գովազդային հարթակի ավելացումը չի ավելացնում գովազդային գումարները, այլ պարզապես տանում է առկա լրատվամիջոցների միջև ընդհանուր բյուջեի վերաբաշխման։

 

Որպես լրացուցիչ փաստարկ բերվում է ոլորտում տիրող մենաշնորհը վերացնելու խնդիրը։ Ես այս ոլորտում աշխատել եմ շուրջ 20 տարի, եղել եմ մենաշնորհի վերացման ջատագովը։ Ի դեպ, ոլորտի իմ կատարած հետազոտությունը ներկայացվեց նաև իշխանությունների կողմից, բնականաբար, որպես իրենց սեփական մտքի արգասիք, սակայն 4-5 տարի առաջ կատարված գործը ներկայացվեց որպես օրվա պատկեր, ինչը բնական է իշխանությունների մտքի թռիչքի համար։ Իսկ այսօրվա իրականությունն այն է, որ վերջին տարիներին մեդիա դաշտում կատարված փոփոխությունների հետևանքով մենաշնորհն արդեն վերացել է, պարզապես պետք է թվերը կարողանալ կարդալ։

 

Կուզեի մի քանի նկատառում անել այս փոփոխությունների վերաբերյալ․

 

- Մեդիա դաշտի ստեղծված կառուցվածքը հնարավորություններից լավագույնն է գովազդային շուկա ձևավորելու և լուրջ գովազդային բյուջեներ ներգրավելու համար։ Այն նաև չափազանց փխրուն է, և ամեն չմտածված քայլ կարող է պարզապես փլուզել շուկան՝ ողջ հայկական մեդիային զրկելով արժանապատիվ գոյության հնարավորությունից։ Բնականաբար, այս փոփոխությունների դեպքում ողջ մեդիա դաշտից ասվածը չի վերաբերվի միայն Հ1-ին, որը ունի կայուն պետական ֆինանսավորում։

 

- Ազդակներ կան, որ մենաշնորհը քանդելու անվան տակ այս օրինագծի ընդունումը նպատակ ունի նոր մենաշնորհ հաստատել հօգուտ մեկ այլ ալիքի, և Հ1-ը պարզապես որպես մանրադրամ է օգտագործվում այդ ալիքի կլողմից։ Իմ խորհուրդն է՝ չգնալ նման արկածախնդրության, հանրապետությունում իրավիճակի կայունացումից հետո անցկացվելիք արածի ու չարածի ինվենտարիզացիայի դեպքում այս ավանտյուրիստները կարող են էապես տուժել։

 

- Պարզապես սարսափելի է, որ այս փոփոխությունները իրականցվում են հենց հիմա՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ ԱԺ պատգամավորները խախտելով համաճարակի տարածման կանոնները՝ միգուցե նաև իրենց կյանքի ու առողջության գնով, պետք է ընդունեին միայն իրավիճակի հետ կապված, միայն ամենաէական օրենքները։ Մինչդեռ, ինչպես այս օրինագծի ընդունումն է ցույց տալիս (ի դեպ, նաև՝ Varks.am-ի հետ կապված պատմությունը), իշխանությունները առիթը բաց չեն թողնում աղետի պահին էլ գնալու մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների։

 

Իշխանությունների մասին գնահատականներ չեմ տալիս։ Կարծում եմ, արդեն բոլորն են հասկացել, թե այս փորձանքի պահին ինչ աղետալի իշխանություններ ունենք»։



loading...