Ինչ է հանտավիրուսն ու որոնք են վարակման մասին նախազգուշացնող ախտանշանները

Ինչ է հանտավիրուսն ու որոնք են վարակման մասին նախազգուշացնող ախտանշանները
Մարտ 26 19:14 2020

Չինաստանում բռնկված, իսկ այնուհետև նաև ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի ֆոնին Չինաստանում հանտավիրուսի հետևանքով արձանագրված մահվան առաջին դեպքն իրական իրարանցում է առաջացրել՝ դառնալով խուճապի պատճառ։ MedikForum.ru թեմատիկ պորտալն անդրադարձել է այս վիրուսին՝ ներկայացրելով վարակման առաջին ախտանշաններն ու հնարավոր հետևանքները։

 

Չինական Յունան նահանգի բնակիչը, որի մոտ հայտնաբերվել է հանտավիրուս, մահացել է հասարակական տրանսպորտում, որն ուղևորվում էր Շանդուն։ Այս մահացու վիրուսը, որը հայտնի է նաև որպես մկների տենդ, տարածվում է կրծողների միջոցով և բնորոշվում է հիվանդության սուր ընթացքով։

 

Հիվանդության ախտանշանները նման շատ այլ ինֆեկցիոն հիվանդությունների ախտանշաններին, իսկ իր դրսևորումներով ինքնազգացողության վատթարացումը մրսածություն է հիշեցնում. բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ի հայտ է գալիս գլխացավ, ինտոքսիկացիա, մկանային ցավեր ու գոտկատեղի ցավեր։

 

Բացի այդ, կարող են նկատվել նաև այլ ախտանշաններ, ինչպիսին են որովայնի ցավերը, գլխապտույտը, դողը, սրտխառնոցը, փսխումն ու փորլուծությունը։ Վարակումից հետո առաջին ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս մոտ երկու շաբաթ անց, սակայն ինկուբացիոն շրջանը կարող է տևել ընդհուպ մինչև 50 օր։

 

Հանտավիրուսը թվում է շատ վտանգավոր, քանի որ իր ախտանշաններից շատերով նման է վերջին շրջանում պանդեմիկ բնույթ ստացած մահացու կորոնավիրուսին։ Այս հիվանդության դեպքում կարող են զարգանալ թոքերի հետ կապված խնդիրներ, որոնք կհանգեցնեն շնչառական օրգաններում հեղուկի կուտակման։ Բացի այդ, այն կարող է դառնալ հեմոռագիկ տենդի երիկամային համախտանիշով, ինչը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել։

 

Ախտահարման դեպքում միջոցներ չձեռնարկելն ու անհրաժեշտ բուժումը չստանալը կարող է դառնալ մահվան պատճառ, սակայն այնուամենայնիվ մասնագետները համարում են, որ դրանից պետք չէ վախենալ ու խուճապի մատնվել։

 

ԱՄՆ-ի Հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնների տվյալներով՝հանտավիրուսը չի տարածվում օդակաթիլային ճանապարհով, ինչը հաստատում է նաև Ուհանի համալսարանի վիրուսաբան Յան Չժանցյուն։ «Ի տարբերություն COVID-19-ի՝ հանտավիրուսը, որպես կանոն, չի փոխանցվում շնչառական համակարգի միջոցով», - ընդգծել է մասնագետը Global Times պարբերականի հետ զրույցում։

 

Չինաստանում տեղի ունեցած միջադեպից հետո գիտնական-նյարդաֆիզիոլոգ Սիմայա Շեյքը բացատրել է, որ հանտավիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում խիստ հազվադեպ։ Այն տարածվում է առնետների միջոցով, վարակը սովորաբար օրգանիզմ է ներթափանցում կծածի կամ վնասված մաշկի՝ կրծողի արտաթորանքի հետ շփման հետևանքով։ 

 

Գարնանն այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը բարձրանում է, քանի որ տարվա այս եղանակին շատերը սիրում են գնալ ամառանոցներ կամ հանգստանալ բնության գրկում։ Վարակման հավանականությունը բարձ է լինում տերևները հավաքելու, ամառանոցում, վերնահարկում կամ նկուղում մաքրություն անելու, ինչպես նաև անտառում զբոսնելու դեպքում։

 

Բացի այդ, վտանգավոր կարող է լինել նաև վատ մշակված հացահատիկեղենը, ինչպես նաև այլ մթերքը, որը կարող էր ախտահարված լինել սխալ պահվելու կամ վատ մշակվելու հետևանքով։ Սա նշանակում է լուրջ խնդիրներից խուսափելու համար պարզապես հարկավոր է զգոն լինել, հետևել տարրական հիգիենայի կանոններին ու հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկին։

loading...