Պատգամավորներից բացի, պարգևատրումներից պետք է հրաժարվեն նաև Կառավարության անդամները, հատկապես, որ նրանց աշխատավարձերն ավելի բարձր են. Անի Սամսոնյան


Պատգամավորներից բացի, պարգևատրումներից պետք է հրաժարվեն նաև Կառավարության անդամները, հատկապես, որ նրանց աշխատավարձերն ավելի բարձր են. Անի Սամսոնյան
Մարտ 26 16:23 2020

Այս իրավիճակում, նույնիսկ երբ կա արտակարգ դրության ռեժիմում տեղեկատվության սահմանափակման իրավունք, կա նաև հայեցողական մոտեցում, որը կարող է ՀՀ միջազգային վարկի վրա շատ լուրջ ազդել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների սահմանափակումներին:

«Կա, իհարկե, այն գիտակցումը, որ պետք է ապատեղեկատվության դեմ պայքարել, բայց, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ լինում են չիդենտիֆիկացված աղբյուրներ, որոնք ևս կարող են տարածել ապատեղեկատվություն, և դրանց տուգանելու համար նախ պետք է հայտնաբերել: Այս դեպքում տուժելու են այն լրատվամիջոցները, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը: Սա են նաև հաշվի առել այն երկրները, որտեղ չեն մտցրել գրաքննություն: Եթե հայկական տիրույթում վերացնում ենք տեղեկությունը, այն կա միջազգային տիրույթում: Սրա համար է նաև ուղերձը, որը հղել է ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչը: Ասել՝ տեղեկատվությունը չեք հրապարակում և վերջ, կարող է շատ ավելի մեծ խուճապ ստեղծել, քան հրապարակելը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով արտակարգ դրության հնարավոր հետևանքներին՝ Սամսոնյանն ասաց, թե երկու ուղղությամբ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն՝ առողջապահական և տնտեսական: «Պետք է կայացվեն շատ հրատապ որոշումներ, որ մարդկանց սոցիալական դրությունը, որը կար արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ, շարունակվի նաև արտակարգ դրությունից հետո, որովհետև այդ սոցիալական դրությունից է կախված, թե նրանք՝ որպես քաղաքացի՝ կկարողանա՞ն կատարել իրենց պարտականությունները»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ԱԺ պատգամավորները հրաժարվել են մարտի՝ ամենամսյա տրվող պարգևավճարից, արդյո՞ք Կառավարության ներկայացուցիչները ևս կհրաժարվեն, Սամսոնյանն արձագանքեց, թե որքանով տեղյակ է, նման որոշում չկա:

«Բայց այո, եթե պատգամավորները հրաժարվում են, Կառավարության ներկայացուցիչները ևս կարող են հրաժարվել: Իհարկե, դա իրենց իրավունքն է, բայց եթե ելնում ենք այն հանգամանքից, որ որպես պաշտոնյա, որպես պետության հանրային միջոցներից վարձատրվող անձինք՝ պատասխանատվություն ենք զգում նաև այդ առումով, ուրեմն՝ պետք է դա վերաբերի նաև Կառավարության ներակայացուցիչներին, հատկապես այն դեպքում, երբ վերջիններս ստանում են ավելի բարձր աշխատավարձ, և դա բարձրացվել էր գաղտնի ճանապարհներով»:

Անդրադառնալով պարետի կողմից կատարված խստացումներին և ձևաթղթերի պարտադիր լրացմանը՝ պատգամավորն ասաց, թե արտակարգ դրության շրջանակներում այդ քայլերը շատ սպասված, անհրաժեշտ ու օրինաչափ են, քանի որ պարզապես կոչերը՝ մեկուսանալ կամ ինքնամեկուսանալ, բավարար չեն եղել՝ վտանգի ամբողջ լրջությունը հասկանալու համար: Նա կարևորեց նաև, որ ձևաթղթերի միջոցով հնարավոր է վերահսկել քաղաքացու հետագիծը, որպեսզի, եթե վարակ հայտնաբերվի, հնարավոր լինի արագորեն գտնել շփման շրջանակը:

Tert.am