Հարցի կարգավորմամբ միայն ԲԴԽ-ն է օժտված. Քոչարյանի պաշտպանը՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումը վերահասցեագրելուն

Հարցի կարգավորմամբ միայն ԲԴԽ-ն է օժտված. Քոչարյանի պաշտպանը՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումը վերահասցեագրելուն
Մարտ 26 15:32 2020

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղված դիմումը կվերահասցեագրվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասաց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից և իրենց որևէ ձևով չեն տեղեկացրել այդ մասին. «Դա կարելի է դիտարկել ԲԴԽ-ի կողմից՝ դիմում հասցեագրած անձանց հետ շփման «արդյունավետության» շրջանակում, առավել ևս, երբ հարցը հրատապ է: Կարծում եմ՝ նման դեպքերում ԲԴԽ-ն կարող է բոլոր հարցերը հասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որովհետև դիմումում ես խնդրել էի նորմատիվային լուծում տալ, որով օժտված է միայն ԲԴԽ-ն: Դատավորը, թեկուզ շատ հարգելի պատճառով՝ ներկա չէ և ոչ մի տեղեկություն չկա, թե երբ կվերադառնա: Պարոն Վարդազարյանն ասում է՝ 21-րդ դարն է, կարելի զանգել, տեղեկանալ, թե դատարանը երբ է վերադառնալու: Ես այսօր զանգահարել եմ պարոն Մկրտչյանի աշխատակազմին, ի պատասխան՝ ինձ հայտնեցին, որ իրենց չի հաջողվել դա պարզել: Այս պարագայում հարցը լուծում չպե՞տք է ունենա, սակայն այն վերահասցեագրվում է դատարանի նախագահին, ինչին ժպիտով պետք է վերաբերել»,- նշեց պաշտպանը:

 

ԲԴԽ-ն պատճառաբանել է, որ դատավարական գործընթացներին միջամտելը ԲԴԽ իրավասության սահմաններից դուրս է: Վարդևանյանը հակադարձեց՝ դիմումում դատավարական գործընթացների հետ կապված որևէ հարց չկա. «ԲԴԽ հիմնական լիազորություններից մեկը դատավորների անկախության երաշխավորումն է, մյուսը՝ դատարանների բնականոն գործունեությանը: Հարցը վերաբերում էր վերջինին: Մենք այս պահին ընդհանրապես դատարան չունենք և արտակարգ դրության պայմաններում ունենք կալանավորված անձ, որի վերաբերյալ միջնորդությունն անհապաղ պետք է քննվի, սակայն 2 շաբաթից ավել է՝ անորոշությունը շարունակվում է»,- ասաց Վարդևանյանը: 

Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, սակայն նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վերջինս վիրահատվել է և հայտնի չէ, թե երբ կվերադառնա:

 

Փաստաբանական թիմը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի, սակայն պահանջ-խնդրանքը մերժվել էր։ 

 
 
 

Այնուհետև փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր ՄԻՊ Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Քոչարյանին անձնական երաշխավորությաբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ արձանագրելով ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։

loading...