«Եթե մի բանից վախենում ես, կեր այն». Վիետնամում ռեստորաններից մեկը կորոնավիրուսի տեսքով բուրգերներ է մատուցում. South China Morning Post (լուսանկար)


«Եթե մի բանից վախենում ես, կեր այն». Վիետնամում ռեստորաններից մեկը կորոնավիրուսի տեսքով բուրգերներ է մատուցում. South China Morning Post  (լուսանկար)
Մարտ 26 13:38 2020

Աշխարհը պատուհասած նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին Վիետնամում գտնվող ռեստորաններից մեկը վարակի տեսքով բուրգերներ է մատուցում, գրում է scmp.com կայքը:

Ռեստորանի տերը մանրամասնել է, որ այսպիսով փորձում է նման դժվարին ժամանակահատվածում բարձրացնել վիետնամցիների բարոյահոգեբանական վիճակը:

«Մի կատակ կա, ըստ որի՝ եթե մի բանից վախենում ես, ուրեմն պետք է ուտես այն: Իսկ երբ դուք ուտում եք վարակի՝ մանրադիտակի տակ երևացող տեսքով բուրգերը, այլևս չեք վախենում վարակվելուց: Նման մտածելակերպը համավարակի դժվարին ժամանակներում դրական լիցքեր է տարածում»,-պատմել է մայրաքաղաք Հանոյում գտնվող ռեստորանի տերը:

Աղբյուրը հավելում է, որ Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148 դեպք: Ըստ առողջապահության նախարարության՝ հիվանդներից որևէ մեկը չի մահացել: