Դատարանում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է. ԲԴԽ

Դատարանում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է. ԲԴԽ
Մարտ 25 23:32 2020

 Դատարանում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է: Այս մասին ասված է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

 

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի մարտի 24-ի N 15 և ԲԴԽ-ի որոշումների շրջանակում մարտի 25-ին ԲԴԽ-ի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

 

ԲԴԽ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, նշվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտության ու կարևորության մասին, քննարկվել առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

 

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

 

«Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է», ասված է հաղորդագրությունում:

loading...