Որքանո՞վ է արդյունավետ լրատվության սահմանափակումը․ ԻՔՄ

Որքանո՞վ է արդյունավետ լրատվության սահմանափակումը․ ԻՔՄ
Մարտ 25 23:17 2020

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը` «Որքանո՞վ է արդյունավետ լրատվության սահմանափակումը» թեմայով:

 

Մարտի 16-ին արտակարգ դրության հետ մեկտեղ սահմանափակվեց այն հրապարակումների հանրայնացումը, որոնք «ակնհայտ խուճապի» են հանգեցնում կամ «խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ» են պարունակում՝ ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում արված հրապարակումները։ Լրատվամիջոցները և քաղհասարակությունն արդեն քանի օր քննարկում են այս սահմանափակումները՝ դրանք համարելով անտեղի և ոչ արդյունավետ։ Մարտի 23-ի դրությամբ 22 լրատվամիջոցի «խուճապ առաջացնող» նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ էր ներկայացվել։

 

Ոստիկանությունը նաև ստիպել է սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի հեռացնել իրենց հրապարակումները։ Եթե անգամ մի կողմ դնենք այն, որ լրատվամիջոցների սահմանափակումը հակասում է խոսքի ազատության սկզբունքին, ապա ծագում են այլ հարցեր՝ կապված այս որոշման արդյունավետության հետ։

 

«Խուճապ առաջացնող» հրապարակումներ

     Ընդհանրապես, խուճապ առաջացնող ձևակերպումը աղոտ է և առաջացնում է մի շարք հարցեր։ Ինչպե՞ս են օրինապահ մարմինները՝ տվյալ դեպքում ոստիկանները, գնահատում, թե արդյո՞ք որևէ հրապարակում խուճապ է առաջացնում։ Խուճապի հավանականությունը ճիշտ գնահատելու համար իրավապահ մարմնի աշխատակիցը պետք է սոցիոլոգիայի, հոգեբանության և միաժամանակ լրատվության մասնագետ լինի։

     Հակառակ պարագայում խոսքը մարդու անձնական զգացմունքների և անհատական դատողության վրա հիմված գնահատականի մասին է։

     Մյուս կողմից՝ վերջին օրերի հանգստությունը ցույց է տալիս, որ փոքր դոզաներով խուճապ Հայաստանին չէր խանգարի։ Ավելորդ հանգստությունը արևոտ օրերին մարդկանց հանում է փողոց ու ստիպում կարծել, թե իրավիճակը այնքան էլ լուրջ չէ։

 

Մարդկային ռեսուրսի ոչ արդյունավետ կիրառում

     Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Նոր կորոնավիրուսային հիվանդության ընթացքում ամենալուրջ խնդիրներից մեկը մարդկային ռեսուրսների անբավարարությունն է։ Ինչը հստակ գիտակցում է նաև ՀՀ

     կառավարությունը, այլապես կամավորների հավաք չէր կազմակերպի։

     Թե՛ այսօր և թե՛ մոտակա շաբաթների ընթացքում ՀՀ պետական բոլոր ռեսուրսները և յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքը կարևոր է և է՛լ ավելի կարևոր է դառնալու։ Երբ ոստիկանները զբաղված են լրատվամիջոցներ վերահսկելով, վերահսկումից դուրս են մնում տնտեսվարողները, որոնք արտակարգ դրության ռեժիմով արգելված տնտեսական գործունեություն են ծավալում։

 

Լրատվամիջոցների վերահսկիչ դերի սահմանափակում

     Վերոնշյալ սահմանափակումները նաև թուլացնում են լրատվամիջոցների վերահսկիչ (վոչդոգ) դերը և թույլ չեն տալիս լրատվամիջոցներին բարձրաձայնել արտակարգ ռեժիմի խախտումների մասին։ Այսպես, օրինակ, մարտի 20-ին ոստիկանության պահանջով լրագրող Մարինե Խառատյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել էր մի գրառում, որտեղ պատմել էր, թե վերջերս Երևանի խոշոր արտադրամասերից մեկում մարդկանց ջերմությունով գործի են կանչում։

     Այլ հարց է, որ լրատվամիջոցները նմանատիպ հրապարակումներում պետք է նշեն իրենց աղբյուրները և հստակ ինֆորմացիա տրամադրեն դեպքի մասին։ Փոխարենը՝ մեդիափորձագետները առաջարկում են մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող հստակ կարգավորումներ։ Օրինակ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը առաջարկում է նշել աղբյուրը, որից ստացվել է տեղեկությունը, այլ ոչ թե օգտագործել «մեր հավաստի տվյալներով, մեզ մոտ կանգնած աղբյուրների համաձայն...» ձևակերպումները։

 

Մանիպուլյացիաներ միշտ հնարավոր են

     Կարևոր է նաև հաշվի առնել, որ մեդիամանիպուլյացիաներն անվերահսկելի են։ Եթե խոսքը չի գնում բացարձակ գրաքննության մասին, միշտ կգտնվի որևէ լրատվամիջոց կամ անհատ, որը մանիպուլյացիաների համար հնարավոր ուղիներ կգտնի։ Միշտ կարելի է կոնտեքստից կտրել պաշտոնական հայտարարությունները և բացարձակապես փոխել դրանց իմաստը։ Կեղծ լուրեր և մանիպուլյացիաներ տարածող լրատվամիջոցները միշտ գտնում են ուղիներ հանրային կարծիքի վրա ազդելու և խուճապ տարածելու համար։

 

Ինտերնետի վերահսկումն անհնար է

     Միաժամանակ կարիք կա նաև հաշվի առնելու, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ

     ցանկացած մարդ լրատվություն է հրապարակում։ Սոցիալական ցանցերի ցանկացած օգտատեր կարող է

     խուճապ առաջացնող լրատվություն հրապարակել։ Եթե հետևորդների մեծ թիվ ունեցող և բաց հրապարակումներ անող հանրային դեմքերին հեշտությամբ կարելի է հայտնաբերել մի քանի ժամում, ապա կեղծ պրոֆիլները և փակ հրապարակումներն անհնար է արագ հայտնաբերել։ Ընդ որում՝ բաց հրապարակումների դեպքում էլ միայն հայալեզու Ֆեյսբուքը մոնիտորինգ անելու և համապատասխան հրապարակումները գտնելու համար անհրաժեշտ է հսկայական աշխատանքային թիմ, և անգամ այդ պարագայում ֆեյքերը և փակ օգտահաշիվներն անհնար է վերահսկել։

     Ուստի ներդրված կարգավորումների շնորհիվ ինֆորմացիոն դաշտի վերահսկումը խիստ կասկածելի է, քանի որ համացանցը վերահսկելը տեխնիկապես անհնար է։ Արդյունքում՝ ներդրված կարգավորումների պատճառով տուժում են միայն լրատվամիջոցները, ինֆորմացիոն դաշտը շարունակում է մնալ անվերահսկելի, իսկ հանրային շահի տեսանկյունից այս կարգավորման արդյունավետությունը կասկածների տեղիք է տալիս։

loading...