ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղված աջակցության չեղարկումը մտահոգիչ է, բայց շատ չենք ընկճվում, ականազերծման աշխատանքները կիրականացնենք պետության հաշվին. Արզիկ Մխիթարյան


ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղված աջակցության չեղարկումը մտահոգիչ է, բայց շատ չենք ընկճվում, ականազերծման աշխատանքները կիրականացնենք պետության հաշվին. Արզիկ Մխիթարյան
Մարտ 25 22:00 2020

Միացյալ Նահանգների կառավարությունը չեղարկել է Արցախում ականազերծման համար տրամադրվող ֆինանսական աջակցության մասին որոշումը: Tert.am-ը Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն դրա վերաբերյալ: Ըստ նրա՝ աջակցության չեղարկումն իրենց համար մտահոգիչ է, ոչ հաճելի փաստ, բայց շատ չեն ընկճվում: «Մենք ականազերծման աշխատանքները կիրականացնենք պետության հաշվին»,- ասում է նա:

 

-Տիկին Մխիթարյան, ԱՄՆ կառավարությունը չեղարկել է Արցախին ուղղված ֆինանսական աջակցությունը: Ինչպե՞ս է դա ընկալվում Արցախում:

 

-Տարիներ առաջ 1990-ականների երկրորդ կեսին, երբ կանգնեցվեց Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, մենք ականատես եղանք նրան, որ ամերիկացի սենատորները հասել էին այն արդյունքին, որ մեծ ուշադրություն կար Արցախյան հիմնախնդրի նկատմամբ: Նրանք կարողանում էին արտահայտել Ադրբեջանի նկատմամբ իրենց բացասական դիրքորոշումը:

 

Այսօր իրավիճակը փոքր-ինչ փոխվել է, որովհետև Ադրբեջանը համառորեն իր քաղաքական կուրսն է առաջ տանում, ապատեղեկատվություն տարածում: Նրանք արդեն անցել են իրենց խավիարային քաղաքականությանը: Այդ իսկ պատճառով անակնկալ չէր Ամերիկայի կառավարության նման որոշումը:

 

Այսօր Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք արդեն հանձն են առել, որ այն ֆինանսական աջակցությունը, որ ԱՄՆ-ը տրամադրում էր Արցախում ականազերծում իրականացնելու համար, իրենց ընտրվելու դեպքում, կառավարությունը բյուջեի հաշվին կիրականացնի: Այնպես որ արցախցիներն այս հարցում էլ կդիմակայեն:

 

-Բայց ասվում է, որ այստեղ հարցը ֆինանսական աջակցությունը չէ, այլ ԱՄՆ-ի պես գերտերության, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի կողմից: քաղաքական աջակցությունը: Այդ աջակցությունը ինչ-որ առումով ընկալվո՞ւմ էր որպես ԱՄՆ-ի կողմից Արցախը ճանաչելու փաստ:

 

-Այո՛, իհարկե: Բավական հաճելի փաստ էր, որ ԱՄՆ-ը նման աջակցություն էր ցուցաբերում և նման կերպ` ոչ պաշտոնապես, բայց ինչ-որ առումով ճանաչում էին Արցախը:

Այսօր այդ աջակցության չեղարկումը մեզ համար, իհարկե, մտահոգիչ է, ոչ հաճելի փաստ: Բայց մենք շատ չենք էլ ընկճվում: Մենք ականազերծման աշխատանքները կիրականացնենք պետության հաշվին:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում