Պարետի որոշումից բողոքում են նաև տաքսու վարորդները. պատվերները չեղարկելով՝ օրվա հացը չեն կարողանա վաստակել


Պարետի որոշումից բողոքում են նաև տաքսու վարորդները. պատվերները չեղարկելով՝ օրվա հացը չեն կարողանա վաստակել
Մարտ 25 17:27 2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երեկվանից Հայաստանում սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. արգելվում է նաև 2 հոգուց ավել գտնվել մեքենայում, հակառակ դեպքում՝ քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց օնլայն պատվիրման եղանակով գործող տաքսու վարորդներից մեկը: Բանն այն է, որ տաքսու վարորդը չգիտի՝ պատվիրողը քանի հոգով է նախատեսում նստել իր մեքենան, հետևաբար ժամանակ ու միջոցներ է ծախսում հասցե հասնելու համար, բայց ստիպված է լինում պատվերը չեղարկել:

 

«Եթե պատվերների 80 %-ը չեղարկեմ, ապա ես ինչպե՞ս պետք է փող վաստակեմ: Վարչապետն ասում է՝ Հայաստանում օրավարձով աշխատող չկա, բա ես ի՞նչ եմ, ամեն օր վաստակում եմ իմ օրվա ապրուստի փողը»,- նեղսրտեց տաքսու վարորդը:

 

Մեզ զանգահարում են մարդիկ և հետաքրքրվում՝ ինչ պետք է անի, օրինակ, ամուսնական զույգը որևէ տեղից տաքսիով իրենց տուն տեղափոխվելու դեպքում, երբ ստացվում է՝ իրենցից բացի մեքենայում լինելու է նաև երրորդ անձ՝ վարորդը:  

 

«Մեքենայում 2 անձից ավել չպետք է լինի՝ ներառյալ վարորդը: Ամուսիններ լինեն, թե զույգ եղբայրներ՝ կարգը պետք է պահպանել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ պարետի որոշմամբ՝ կարգն այդպիսին է և այն բացառություն չի նախատեսում:

 

Փաստորեն, նրանք ստիպված են պատվիրել 2 տաքսի և տեղափոխվել առանձին տաքսիներով: Սակայն, սա էլ հարցի լուծում չէ. եթե ամուսինները շփվելու էին մեկ վարորդի հետ, ապա այս դեպքում՝ ստիպված են շփվել 2 տարբեր վարորդի հետ: Սա նշանակում է, որ շփման շրջանակն ավելի է մեծանում ու ստացվում է՝ վարակի տարածումը կանխելու փոխարեն՝ հակառակ արդյունքն ենք ունենալու: Էլ չենք խոսում այն մասին, երբ 5 հոգանոց ընտանիքի անդամները ստիպված են միասին որևէ տեղ գնալ ու հարկադրաբար պետք է օգտվեն տարբեր տաքսիներից, այստեղից էլ մեկ այլ խնդիր է առաջանում. պարապուրդի մատնված ընտանիքը որտեղի՞ց վճարի, օրինակ, 500 դրամի փոխարեն՝ դրա հնգապատիկը: