Այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի ՌԴ մեկնել չի կարող. ԱԳ նախարարը՝ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մասին (տեսանյութ)


Այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի ՌԴ մեկնել չի կարող. ԱԳ նախարարը՝ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մասին (տեսանյութ)
Մարտ 25 21:20 2020

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, թե ՀՀ-ՌԴ սահմանների փակմամբ պայմանավորված՝ խնդիր է առաջացել այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Նա հետաքրքրվեց՝ կան արդյո՞ք բանակցություններ, որ ՀՀ այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի:

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ արտակարգ իրավիճակ է բոլոր երկրներում: «Յուրաքանչյուր երկիր իր գնահատման հիման վրա տալիս է լուծումներ, ինչպես մենք ենք տալիս շրջանակային լուծումներ՝ տարբեր խնդիրների: Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այլ քաղաքացիներ ՌԴ չեն կարող գնալ: Ինչպիսի զարգացում է լինելու, ես դժվարանում եմ ասել, բայց այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել ՌԴ»,-նշեց նախարարը:

 

Սամսոնյանն արձագանքեց, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ միասնական տարածքում են, և ինքն այդ առումով փորձում էր հասկանալ՝ այլընտրանքային տարբերակներ կա՞ն, ինչին նախարարը պատասխանեց, թե ելնելով նրանից, որ իրավիճակը շատ արագ է զարգանում և նոր է, քննարկումները ևս, նոր են, իսկ հարցը վստահաբար օրակարգային կլինի: