Մեյմանդարի շուկան բազմամարդ է, պարետի պահանջները չեն պահպանվում. Նորայր Նորիկյան


Մեյմանդարի շուկան բազմամարդ է, պարետի պահանջները չեն պահպանվում. Նորայր Նորիկյան
Մարտ 25 15:24 2020

Փաստաբան Նորայր Նորիկյանը ահազանգում է՝ թեև պարետատան պահանջով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը և հայտարարվել է համատարած ինքնամեկուսացում, այդուհանդերձ, Արարատի մարզի Գայ համայնքում գործող «Մեյմանդարի» հայտնի շուկան բազմամարդ է։ Որպես խոսքերի ապացույց՝ նա հրապարակել է լուսանկարներ։ Ինչպես հայտնի է՝ այս շուկայից են ամեն օր առևտուր անում հանրապետության տարբեր մարզերից եկած առևտրականները։ «Նկարներից պարզ է դառնում, որ պահպանված չէ պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները։ Ենթադրում եմ, որ այս շուկան նույնպես կազմակերպություն է, որն ունի որոշակի տարածք, աշխատակիցներ, ղեկավարություն, և ակնհայտ է, որ այս շուկայում չեն պահպանվում վերը նշված ցուցումները, ինչը կարող է վտանգավոր լինել շատերի համար։ Հասկանալի է, որ պետք է ապահովվի շուկաների բնականոն գործունեությունը, բայց եթե արտակարգ դրություն է, և նման ցուցում է տրվել, ուրեմն կազմակերպությունները պարտավոր են կատարել նշված ցուցումները, իսկ պատկան մարմինները պարտավոր են ապահովել արտակարգ դրությունից բխող բոլոր որոշումների կատարումը»,- նշում է փաստաբանը։ Մասնավորապես՝ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության 16.03.2020թ.-ի №298-Ն որոշումը՝ պարետը ցուցում է տվել մի շարք գերատեսչությունների՝ միաժամանակ հաստատելով ուղեցույց, համաձայն որի՝ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը: Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: Ապահովել փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: Սահմանել կանոններ և ընթացակարգեր՝ օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: 



loading...