«Մենք դուրս ենք գալիս, Դիլիջան ենք գնում, կցնդենք, եթե միայն տանը լինենք». Սարգիս Գրիգորյանը՝ կարանտինը խելացի պահելու մասին


«Մենք դուրս ենք գալիս, Դիլիջան ենք գնում, կցնդենք, եթե միայն տանը լինենք». Սարգիս Գրիգորյանը՝ կարանտինը խելացի պահելու մասին
Մարտ 21 13:40 2020

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը դերասան Սարգիս Գրիգորյանն օգտագործում է ընտանիքի անդամների հետ շատ ժամանակ անցկացնելու համար։ Դուստրերը՝ Էվան և Յանան, շատ են ուրախացել այս առիթով։

 

Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ կարանտինին պետք է մոտենալ ոչ թե վախով, այլ խելացի։

«Ես սրան նայում եմ որպես առավելություն, փորձում եմ հնարավորինս լրացնել բացթողումս՝ շփվելով ընտանիքիս, երեխաներիս հետ։ Փոքրիկներս շատ են ուրախացել այս առիթով։ Կարծում եմ՝ այս վիճակը կբերի նրան, որ աշխատանքի վերադառնալուց հետո ավելի արդյունավետ կլինենք, որովհետև երկար ժամանակ ունեցանք մտածելու և՛ գործնական, և՛ ընտանեկան հարցերի մասին։ Շատ հարցեր կային, որոնք կուտակված էին, բայց չէինք լուծում։ Կարծես շաբաթօրյակ լիներ մեր հոգիներում»,- ասաց դերասանն ու կատակեց, որ այս ընթացքում սկսել են շատ ուտել, Էվան նույնիսկ հասցրել է գիրանալ, ծնողները ստիպված են եղել սահմանափակել քաղցրը։

Դերասանն այս օրերին տարբեր խաղեր է խաղում աղջիկների հետ, հետաքրքիր զբաղմունքներ գտնում։ Ասում է՝ սկսել է նկարել. «Ես սկսել եմ բացահայտել իմ նկարչական ունակությունները։ Այս ամենից փորձում եմ դրականը քաղել, հակառակ դեպքում կցնդենք, կագրեսիվանանք»։

Սարգիսը կարևորում է արտակարգ դրությանը խելացի մոտենալը։ «Կարատնտինին հետևում եմ խելքով, որովհետև խիստ չի նշականում արդյունավետ։ Պետք է գիտակցել՝ ինչն է կարևոր, ինչը՝ ոչ։ Մենք դուրս ենք գալիս, Դիլիջան ենք գնում, ուղղակի կցնդենք, եթե միայն տանը լինենք։ Ես այդպես չեմ կարող։ Դա ավելի շատ կվնասի ինձ ու ընտանիքիս, քան կօգնի։ Կանոնները պետք է պահել, բայց սարսափի չհասցնել, որովհետև դա բացասական կազդի քեզ վրա»։

Դերասանը նկատեց, որ այս ամենի տնտեսական հետևանքներն անխուսափելի են։ «Ղեկավարությունն այնքան գիտակ ու հեռանկարային պետք է լինի, որ կարողանա հնարավորինս թեթև դուրս գալ այս ամենի տակից։ Դա արդեն ոչ թե իմ գործն է, այլ համապատասխան մարմինների, որոնք պարտավոր են մտածել՝ ինչպես ժողովրդին ավելի թեթև դուրս բերել տնտեսական ճգնաժամից։ Սա ամենից շատ ազդելու է ամենացածր խավի, օրավարձով աշխատող մարդկանց վրա, որոնք օրվա հացի խնդիր ունեն։ Եթե իշխանությունները քայլեր ձեռնարկեն, կարող ենք անցնցում անցնել այս փուլը, եթե ոչ, խնդիր կունենան և՛ իրենք, և՛ ժողովուրդը»,- ընդգծեց նա։