Գրիպ և ՍՇՎ Հայաստանում. Երևանի հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված


Գրիպ և ՍՇՎ Հայաստանում. Երևանի հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված
Փետրվար 29 13:15 2020

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված՝ նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: «Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»,- նշված է հաղորդագրության մեջ։



loading...