Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի եւ նրա կնոջ անվտանգությունը


Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի եւ նրա կնոջ անվտանգությունը
Փետրվար 29 12:04 2020

Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգանի անվտանգությունը, երբ նրանք վայր դնեն թագավորական պարտականությունները, հայտնում է Reuters-ը։

Կանադայի հասարակական անվտանգության նախարարի մամուլի քարտուղար Մերի Լիզ Փաուերը հայտարարել է․ որ «օգնությունը կդադարեցվի առաջիկա շաբաթներին՝ նրանց կարգավիճակի փոոփխմանը համապատասխան»։

Հարին եւ Մեգանը հայտարարել են, որ մարտի 31-ից վայր կդնեն թագավորական պարտականությունների մեծ մասը, կհրաժարվեն պետական ֆինանսավորումից եւ կփորձեն ֆինանսապես անկախ դառնալ։ Նրանք պլանավորում են մասամբ ապրել Կանադայում։

Փաուերը նշել է, որ որպես Սասեքսի դուքս եւ դքսուհի՝ նրանք համարվում են «միջազգայնորեն պաշտպանված անձինք», որոնց համար երաշխավորված են անվտանգության միջոցառումները՝ միջազգային պայմանագրերի համաձայն։

Սպասվում է, որ զույգը հիմնականում կապրի Կանադայում՝ պահպանելով Անգլիայի տունը, որը հեռու չէ Վինձորյան պալատից։

Չնայած նրան, որ զույգին ողջունել են Կանադայում, հասարակության մեջ դժգոհություններ են առաջացել, որ հարկատուները պետք է վճարեն նրանց անվտանգության համար։

Հարին եւ Մեգանը, որոնց հարսանիքի օրն անվանել են Սասաեքսի դուքս եւ դքսուհի, նաեւ հրաժարվել են SussexRoyal բրենդի օգտագործումից, քանի որ Մեծ Բրիտանիայի կանոնները կարգավորում են «թագավորական» բառի օգտագործումը։