Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը և չափը


Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը և չափը
Փետրվար 28 12:30 2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկում է տարածել պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափի մասին: 

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝

  • պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
  • կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,
  • մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են:

Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:

Օրենքը նախատեսել է բացառություն հետևյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝

  • բռնագանձվում է ալիմենտ,
  • հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը,
  • հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:

Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով»: