Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ուղիղ)


Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ուղիղ)
Փետրվար 28 10:06 2020

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

 

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք տեւեցին երեք օր:

 

Փետրվարի 27-ին Սումգայիթի Լենինի հրապարակում գտնվող կոմկուսի քաղկոմի շենքի առջեւ հավաքված ամբոխը կոչ էր անում սպանել հայերին եւ մաքրել նրանցից Սումգայիթը: Այնուհետեւ ներկաների ձեռքներին հայտնվեցին քարեր, կացիններ, պողպատե ամրաններից պատրաստված ինքնաշեն ձողեր: Ադրբեջանցիների խմբերը սկսեցին ավտոմեքենաներ հրկիզել ու ներխուժել հայերի բնակարանները: Հայտնվեցին առաջին զոհերը:

 

Փետրվարի 28-ին Սումգայիթի հարյուրավոր բնակիչներ, որոնք մասնակցել էին ջարդերին, կրկին հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, ասես ոչինչ չէր եղել: Այս անգամ հավաքը ղեկավարում էր անձամբ քաղկոմի առաջին քարտուղարը` Ադրբեջանի կոմերիտմիության նախկին առաջնորդը: Ջարդերն ընդունեցին զանգվածային բնույթ, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ:

 

Միայն երեք օր անց ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլ;խավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հրահանգ տվեց, որ միջամտեն կենտրոնական կառույցները, եւ քաղաք մտցվեցին զորքեր: Մոսկվան սկսեց հետաքննել ջարդերը: Պարզվեց, որ պողպատե ձողերը զանգվածաբար արտադրվել են Սումգայիթի խողովակագլանման գործարանում դեռ հունվարին, իսկ ջարդերի օրերին անաշան քաղաքում անվճար են բաժանել: Պարզվեց նաեւ, որ ջարդերից մեկ շաբաթ առաջ Սուգայիթի ԲՇԳ-ներում կազմել են հայերի ցուցակները: Շատ ադրբեջանցիների նախօրոք զգուշացրել են փետրվարի 27-ից 28-ի գիշերը լույսերը չվառել, որպեսզի հեշտ լինի որոշել հայերի բնակարանները:

 

Պարզվեց, որ փետրվարի 28-ին եւ 29-ին քաղաքում անջատվել են շատ հեռախոսներ: Ակնհայտ էր դառնում, որ սումգայիթյան ողբերգության մեջ շատ բան ծրագրված էր: Խորհրդային ղեկավարությունը` անտեսելով բոլոր վկայությունները, կտրականապես հրաժարվում էր որակել Սումգայիթում կատարված զանգվածային սպանությունները որպես ազգային ու կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

 

Պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:

 

 

 





loading...