Ոստիկանությունում ընդամենը 6 օր ծառայության անցած աշխատակցուհուն բնակարան է հատկացվել. քննության նյութերը ՀՔԾ-ում է


Ոստիկանությունում ընդամենը 6 օր ծառայության անցած աշխատակցուհուն բնակարան է հատկացվել. քննության նյութերը ՀՔԾ-ում է
Փետրվար 27 21:05 2020

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման եւ բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին <> հիմնավորմամբ 10․000․000 դրամով Երեւան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետեւ 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

 

Պարզվել է, որ անշարժ գույքի ձեռքբերման եւ նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու եւ կարիքները գնահատելու համար եւ չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

 

Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը եւ այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբեւէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։

 

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ վերջինիս ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի նվագախմբի երաժշտի հաստիքին հրամանագրելու եւ ոստիկանության զորքերում ծառայության չներկայանալու պարագայում նրան վարձատրելու, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար ձեռք բերված առանձնատունը նրան տրամադրելու գործընթացքում պաշտոնատար անձանց դրսեւորած գործողություններում առկա են եղել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։