«Ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը». Տիգրան Աթանեսյան


«Ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը». Տիգրան Աթանեսյան
Փետրվար 26 11:40 2020

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ. Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «...երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
     Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ` պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝ քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ. Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:
     Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա. Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
     Հ. Գ. Ավելի մանրամասն իրավիճակն այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»: